Ճի՞շտ էր որոշումը` որևէ հարց չուղղել Ալիևին. Հովհաննիսյանի մեկնաբանությունը
«Ալիևի այսօրվա ելույթը ոչ մի բանով չէր տարբերվում սովորաբար իր շուրթերից հնչող և տարածվող ապատեղեկատվությունից, որը ուղղակիորեն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հետ կապված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի նախագահի ելույթը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, երբ եվրոպացիները Ալիևին բազմաթիվ հարցեր էին ուղղում, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, հայկական պատվիրակությունը որոշում էր կայացրել հարցեր չտալ, Ալիևը բավականին նյարդայնացած է եղել:
«Այդ հոգեվիճակը հատկապես սրվում էր այն հարցերի ժամանակ, որոնք վերաբերում էին իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Մասնավորապես, իրլանդացի պատվիրակը հարցում մատնանշեց, թե Amnesty International-ի տվյալներով երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, ինչին Ալիևը արձագանքեց մերժման մեխանիզմով` սուտ եք ասում, ձեզ սովորեցրել են հարցը տալ և այլն»,- պատմեց Արփինե Հովհաննիսյանը:
Նույն հարցը` Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների մասով, բարձրաձայնել է նաև բրիտանացի պատվիրակը, ինչը Ալիևին այնքանով է հունից հանել, որ նա, մեղադրելով եվրոպացի պատվիրակին սուտ խոսալու համար, անգամ մատ է թափ տվել նրա վրա.
«Այս փաստը մեծ դժգոհություն առաջացրեց դահլիճում, սպասենք, թե ինչպիսի արձագանք կլինի այդ ելույթին: Վստահ եմ, որ եվրոպացի գործընկերներիս մոտ նվազագույնը տարակուսանք առաջացրեց, թե ինչպես կարող է ժողովրդավար երկրի նախագահը, մի երկրի, որը նաև ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող է նման վարքագիծ դրսևորել»,- Ստրասբուրգից փոխանցեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք` ճի՞շտ է համարում հայկական պատվիրակության կողմից կայացրած որոշումը որևէ հարց չուղղել Ալիևին:
«Անկասկած դա ճիշտ որոշում էր, հատկապես այսպիսի տրամադրվածության դեպքում, երբ պարզ, միջազգային կազմակերպությունների կողմից փաստված տվյալների հիման վրա Ալիևին հարց է ուղղում եվրոպացի պատվիրակը և նա այնպիսի խիստ, ագրեսիվ տոնով է արձագանքում և մեղադրում եվրոպացի պատգամավորին ստելու մեջ, այս պարագայում Հայաստանի պատվիրակության կողմից հնչեցված ցանկացած հարց նշանակում էր Ալիևին տալ շանս վիրավորելու և պատվիրակության անդամներին, և մեր երկիրը և մեր սկզբունքային դիրքորոշումների վերաբերյալ խայտառակ տեսակետներ հնչեցնելու»,- հավելեց Ա.Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում`
ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան
Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)
Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան