Իսոյի անմեղությունը 100 տոկոսով հիմնավորող ապացույց է ի հայտ եկել. Փաստաբան
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը (Իսո) անմեղ է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի փաստաբաններից մեկը` Արսեն Սարդարյանը` ընդգծելով, որ ինքը նման պնդում անում է հիմնվելով գործով ձեռք բերված անհերքելի ապացույցների վրա:
Հիշեցնենք՝ Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել): Քրեական գործով նախաքննական մարմնի վարկածով Իսրայել Սարգսյանը իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո իբր իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ,
Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին: Այնուհետև, ըստ ոստիկանության վարկածի, Իսոն Մովսես Ներսիսյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը: Իսոն, սակայն չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: Ավելին, ոստիկանությունը նույնիսկ տեսանյութ էր հրապարակել` պնդելով մեղադրանքը: Քրեական գործի հարուցումից որոշ ժամանակ անց, սակայն, այս գործով նախաքննությունը փոխանցվեց Ազգային անվտանգության քննչական ծառայությանը: Բայց դա էլ չօգնեց, ու փաստորեն մինչ այժմ գործով առանցքային համարվող Մովսես Ներսիսյանը կամ նրա դին (ըստ ոստիկանության) չի հայտնաբերվել:
«Գործում կան ծանրակշիռ ապացույցներ, որոնք բացառում են Իսրայել Սարգսյանի մասնակցությունը սպանությանը: Նա մեղադրվում է երկու անձի սպանության մեջ, այնինչ նման բան ուղղակի չէր կարող լինել, դա հեքիաթ է», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ըստ փաստաբանի, Ոստիկանությունը ներկայացնելով նման տեսանյութ, ոչ միայն խախտեց Իսրայել Սարգսյանի անմեղության կանխավարկածը, այլ նաև անհիմն զրպարտության ենթարկեց նրան: Սակայն նույնիսկ նման կանխակալ քննության պայմաններում ճշմարտությունը՝ Իսրայել Սարգսյանի անմեղ լինելը, փաստաբանի պնդմամբ, բացահայտվել է:
«Նախաքննության ընթացքում յուրաքանչյուր օբյեկտիվ բնույթ կրող ապացույց այս գործով ավելի և ավելի անհնարին է դարձնում ոստիկանության նկարահանած «տրիլլերը»: Ավելին, այսօր գործում կա ապացույց, որն առանձին վերցրած 100% բացառում է Իսրայել Սարգսյանի մեղքը այդ հանցագործության կատարման մեջ», -վստահ է փաստաբան Սարդարյանը:
Այս պարագայում, ըստ մեր զրուցակցի, իրավապահ մարմինները պետք է «համարձակություն հավաքեն» ու ընդունեն իրենց առաջ քաշած վարկածի կանխակալ լինելը:
«Ինչ-որ ուժերի ներկայացրած խայծը կուլ տալով, քննությունը իրականացրել են սխալ ուղությամբ և իրական հանցագործին կամ հանցագործներին հնարավորություն են տվել խուսափել քրեական պատասխանատվությունից», -եզրափակեց Իսոյի փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Մոսոյին պետք է ողջերի մեջ փնտրել, ոչ թե դիակների. Փաստաբան
Իսոն չի ընդունում մեղադրանքը
Իսոյի փաստաբանը ոստիկանությանը մեղադրում է անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ
Թևոսիկի եղբոր սպանության պատվիրատուն սպանությունից հետո հիվանդանոցում ցավակցել է հարազատներին. Մանրամասներ (տեսանյութ)
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոյի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է
Ինչո՞ւ է Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործը տեղափոխվել ԱԱԾ քննչական վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները