Անվճար կայանատեղի` հաշմանդամություն ունեցող անձանց համար. Նախագիծն ավագանին ընդունել է միաձայն
Երևանի բոլոր փողոցներում յուրաքանչյուր կողմի վրա մեկական հատված կառանձնացվի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսօր Երևանի ավագանին կայացած նիստում միաձայն ընդունեց համապատասխան որոշման նախագիծը:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր նախագծին և տեղեկացրել, որ այն ներկայացվել է Երևանի ավագանու քննարկմանը: Նախագծի համաձայն, հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից և նրանց փոխարեն տուրքը վճարելու է Երևանի քաղաքապետարանը:
Նշված նախագծի մշակմանը մասնակցել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը: Նա առաջարկել էր բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
«Բացի այդ, այն մարդիկ, ովքեր տեղափոխելու են հաշմանդամություն ունեցող անձին, նույնպես կազատվեն պետական տուրքից», -այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Գրիգոր Մինասյանը:
Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաաքպետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ հարցը մտահոգիչ է եղել հասարակակն կազմակերպությունների ու հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կողմից:
«Իրավիճակը ուսումնասիրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, նաև հարցումներ են կատարվել և հիմնականում երևանցիների պահանջը եղել է հաշմանդամների մասով անվճար կայանատեղիների հետ կապված: Հաշվի են առնվել իրավական հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները, պարոն Մինասյանի և Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները», -հայտարարեց Տարոն Մարգարյանը:
Ավագանու ընդունած որոշմամբ, որը նպատակ ունի թեթևացնել հաշմանդամություն ունեցող անձանց հոգսը, հատուկ տարածքներ կառանձնացվեն Երևանի բոլոր հրապարակներում ու փողոցներում: «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունն իր հերթին համաձայնել է սկսել փողոցների կահավորման աշխատանքները:
Բացի այդ հատուկ ճանապարհային նշաններ կտեղադրվեն, որոնք կզգուշացնեն, որ կայանատեղին հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար է լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները