Ինչպե՞ս սնվել ամռան շոգին. Խորհուրդ է տալիս սննդաբանը
Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանում էլ սնունդի հետ կապված ոչ ինֆեկցիոն հիվանդությունների թիվն ավելացել է:
«Դրանցից են շաքարային դիաբետ, ճարպակալում, ուռուցքներ, սրտանոթային հիվանդությունները: Սրանք իհարկե միայն սննդի հետ կապված չեն, բայց դրանց զարգացման գործում շատ կարևոր դեր ունի սնունդը: Չմոռանանք, որ Հայաստանում մահացությունների 70 տոկոսի դեպքում պատճառը հենց այս հիվանդություններն են»,-Panorama.am-ին ասաց Վարդանուշ Պետրոսյանը:
Բժշկուհուն առավել հաճախ դիմում են ճարպակալման խնդիր ու շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիները: Քիչ չեն նաև առողջ դիմողները, որոնք ցանկանում են ուղղակի ճիշտ սնվել հետագա հիվանդություններից խուսափելու համար:
«Առողջ սնվելը հեշտ չէ իրականում»,-նկատեց բժիշկը:
Սննդաբանի խոսքով, ամռան շոգին ուտելու ցանկությունը կորում է: Ախորժակի կորուստ չունենալու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուտել վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը, ապա՝ հովն ընկնելուց հետո ընթրիք անել:
«Օրվա ընթացքում չպետք է մոռանալ հեղուկների մասին, քանի որ առանց դրանց օրգանիզմը կջրազրկվի, իսկ ամռանը օրգանիզմում հեղուկի պահանջը մեծանում է»,-ասաց Վ. Պետրոսյանը:
Նա մարդկանց ուշադրությունը հրավիրեց սննդի անվտանգության վրա, քանի որ շոգին ուտելիքն ավելի շուտ է փչանում:
«Օրինակ եթե քաբաբի աղացած միսն առնում են, տանում Սևան, ապա այն ճանապարհին կարող է փչանալ»,-զգուշացրեց սննդաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին