Երևանում բացվեց «Հերոսիմայի խաղաղության քար» հուշարձան (Լուսանկարներ)
Երևանի Մանկական զբոսայգում բացվեց «Հերոսիմայի խաղաղության քար» հուշարձանը: Նման հուշարձան արդեն տեղադրված է աշխարհի 106 մայրաքաղաքում՝ խորհրդանշելով ու հիշեցնելով, որ խաղաղությունը բարձրագույն արժեք է:
«Մեծ պատիվ է մեզ համար Հիրոսիմայի քաղաքացիների սրտի մասնիկը հասցնել հայ ժողովրիդն, որ իր մեծ ներդրումն ունի աշխարհում խաղաղության հաստատման գործում: Երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի նախագահին, հայ ժողովրդին՝ Հերոսիմայի խաղաղության քարը, որպես խաղաղության խորհրդանիշ, ընդունելու որոշման ու պատրաստակամության համար»,- հուշարձանի բացման արարաղության ժամանակ ասաց «Հերոսիմայի խաղաղության քար» ասոցիացիայի նախագահ Միչիկո Ումեմոտոն:
Այսօր Խաղաղություն քար անվանումը ստացած սալիկները նախքան 1945 թ. օգոստոսի 6-ը՝ ատոմային ռումբի պայթյունը, Հերոսիմա քաղաքում ծառայել են որպես երկաթգծի սալիկներ: Դրանք գտնվել են պայթյունի էպիկենտրոնից 200 մ հեռավորության վրա: «Խաղաղ աշխարհ, աշխարհ առանց պատերազմի»՝ այս մաղթանքներով ատոմային ռմբակոծությունից մի քանի տարի անց հավաքվեց նման 188 սալիկ տաս հազար քաղաքացու կողմից, յոթ տարվա ընթացքում դրանց վրա փոխագրվեց խաղաղության համար աղոթող գթության աստվածուհին և «Հերոսիմայի կողմից» բառերը:
«Գրանիտե այս սալիկներն ատոմային ռմբակոծության լուռ ականատեսներն են: Այժմ դրանք նվիրաբերում ենք աշխարհի ժողովուրդներին՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի առանց պատերազմ ապրելու մեր ընդհանուր իղձը՝ աչքի առաջ ունենալով Հերոսիմայի պայթյունը»,- ասաց Միչիկո Ումեմոտոն՝ հավելելով, որ Հայաստանի նախագահի որոշմամբ խաղաղության քարը հայկական հողում սկսում է ապրել նոր կյանք:
Միջոցառմանը ներկա ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանն էլ ասաց, որ խաղաղության քարի բացումը խորհրդանշական քայլ է՝ ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը:
«Այդ քարերն ունենալով համամարդկային ու մարդասիրական գաղափար, միաժամանակ իրենց բնույթով անձնավորված են ու ըմբռնելի յուրաքանչյուրի համար»,- նշեց նա:
Հուշաքարը բացեցին Միչիկո Ումեմոտոն և Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
«Հայ ժողովուրդը հրաշալի գիտի խաղաղության գինն ու արժեքը: Հայ ժողովորդն իր ջանքերն է ներդնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- ասաց Ա. Սուքիասյանը:
Ճապոնիայի դեսպանության լիազոր նախարար Տակաշի Կուրայի խոսքով, խաղաղության քարում ներդրված է աշխարհ առանց պատերազմի, առանց ռասսայական, կրոնական, լեզվական ու մշակութային խտրականության գաղափարը. «Փոփոխական միջազգային իրավիճակում մեր երկու երկրները կարող են համագործակցել խաղաղությանն ուղղված գործում»:
«Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ քիչ ժողովուրդներ գիտեն խաղաղության գինը:
«Վստահեցնում եմ, որ քիչ կլինեն այն ժողովուրդները, ովքեր ամբողջությամբ, ամբողջ խորությամբ հասկանում, ընկալում են խաղաղության գինը: Ուրախ կլինենք, եթե խաղաղասեր ճապոնացիներին բնորոշ հատկությունն իր տարածումը ստանա նաև մեր տարածաշրջանում: Խաղաղության ոտնահարումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների և անմեղ մարդկային զոհերի»,- իր ելույթում ասաց Ս. Ֆարմանյանը:
Միջոցառման ավարտին միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փորքիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան) կատարեց ճապոնական «Հայրենիք» երգը, իսկ հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Հիկարի» կենտրոնի սաները բաց թողեցին փուչիկներ, որոնց ամրացված էին թղթե կռունկներ:
Լուսանկաները՝ այստեղ: