Ն.Զոհրաբյանի արձագանքը Հ. Իգիթյանի քննադատություններին
ԵԽԽՎ-ում նախօրեին Ադրբեջանի նախագահի ելույթից հետո հայկական պատվիրակության հասցեին քննադատական խոսքեր հնչեցին: ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանի քննադատության հետ կապված Panorama.am-ը զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով, ի դեպ, Ստրասբուրգում է և ներկա է եղել դահլիճում Ալիևի ելույթի ժամանակ:
-Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ-ում Ալիևի սկանդալային ելույթից հետո ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, թե ԵԽԽՎ այս պատվիրակությունը բոլոր ժամանակների ամենաթույլն է և տարակուսանք է հայտնել, թե ինչու հայկական պատվիրակության անդամները Ալիևին հարց չեն ուղղել:
-Անկեղծ ասած Հ. Իգիթյանին միշտ համարել եմ բավականին օբյեկտիվ ու սթափ անձնավորություն, ուստի իր գնահատականները ինձ անկեղծորեն զարմացրեցին: Նախ, ինչու պատվիրակությունն ընտրեց Մամեդյարովին և Ալիևին հարց չտալու մարտավարությունը: Ես ինքս բազմաթիվ հարցերում մեկ անգամ չէ, որ տարակարծություն եմ ունեցել պատվիրակության հետ, բայց այս հարցում ես կարծում եմ, որ պատվիրակությունը կայացրեց ճիշտ որոշում` հարցեր չուղղել: Ավելին, այն հարցերը, որ պետք է ուղղեինք Մամեդյարովին և Ալիևին մեզ հետ խորհրդակցելով ու քննարկելով ուղղեցին եվրոպացի մեր գործընկերները և ես սա ավելի արդարացված ու ճշգրիտ մարտավարություն եմ համարում: Երբ ԵԽԽՎ կանոնակարգն այնպիսին է, որ դու 30 վայրկյան ունես հարց ուղղելու համար, իսկ Ալիևը կարող է կես ժամ պատասխանել այդ հարցին` ուղղակիորեն շեղվելով հարցից ու ներկայացնելով ապատեղեկատվություն, բայց դու չունես արձագանքելու հնարավորություն, ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ ու գրագետ էր հայկական պատվիրակության այս մարտավարությունը: Կրկնում եմ` բոլոր այն հարցերը, որ մենք ունեինք, հիմնականում մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցվեցին պատվիրակության հետ քննարկելուց հետո:
Շատ կարևոր է այն, որ Ստրասբուրգում տիրում է հստակ հակաադրբեջանական մթնոլորտ և դա նաև վկայությունն է այն բանի, որ չնայած Ադրբեջանի դոլարախավիարային դիվանագիտության համառ մետաստազների տարածմանը, նրանց չի հաջողվում գնել միջազգային կառույցները: Եվ ես ասել ու նորից կրկնում եմ, որ Ռուսաստանից հետո երկիրը, որի նկատմամբ լրջագույն պատժամիջոցներ են կիրառել ԵԽ կողմից Ադրբեջանն է լինելու, և Ադրբեջանում առկա խնդիրները` մարդու իրավունքների ոտնահարում, խոսքի ազատության և մնացածի առումով դառնալու են քննարկան թեմա բոլոր նստաշրջաններում:
-Պատվիրակության անդամներին քննադատել էր նաև, թե հայ պատվիրակները ռուսերենից բացի այլ լեզու չգիտեն ու պետք է ելույթի ժամանակ լքեին նիստերի դահլիճը:
-Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԵԽԽՎ պատվիրակության բոլոր ութ անդամները տիրապետում են մի մասը հրաշալի անգլերենի, իսկ մի մասն էլ` ֆրանսերենի: Սա ի գիտություն պարոն Իգիթյանին: Իսկ ինչ վերաբերում է դահլիճը լքելու վերաբերյալ կշտամբանքին, ապա դա ամենևին էլ ճիշտ չէր լինի, քանի որ դա անհարգալից վերաբերմունք կլիներ մեր եվրոպացի այն գործընկերների հանդեպ, ովքեր մեզ հետ քննարկել էին հարցերը, որոնք պետք է ուղղեին ու ուղղեցին Մամեդյարովին ու Ալիևին: