Անհրաժեշտության դեպքում վարչապետը կարձագանքի երկրորդ նախագահի հարցազրույցին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ըստ որի` 2-րդ նախագահը պաշտպանել էր քառյակի 12 կետերից 4-ը, վարչապետն ասաց. «Ես Ղարաբաղում եմ եղել, բայց մեր պատասխանատուներն, ըստ ոլորտների, հիմնավոր պատասխանել են երկրորդ նախագահի հայտարարություններին: Ամեն դեպքում, յուրաքանչյուր ողջամիտ հարցի, մենք՝ որպես կառավարություն, պատրաստ ենք արձագանքել: Եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ բացատրության անպայման կտամ»:
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, վերադառնում է, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իսկ ո՞ւր էր մեկնել, որ վերադառնում է»:
Լրագրողի արձագանքին, թե վերադառնում է ակտիվ քաղաքականություն, վարչապետը պատասխանեց. «Ակտիվ քաղաքականությունը, որը նպաստում է մեր երկրի զարգացմանը, մենք ողջունում ենք յուրաքանչյուր անձի մուտքը քաղաքականություն»: