Հաշմանդամ կնոջ խնդրանքը. «Ես ծրագրեր ունեմ, ինձ մի խանգարեք»
Եղեգնաձորի բնակչուհի հաշմանդամություն ունեցող Աշխեն Մարգարյանի պայքարը փոքր տարածքի համար շարունակվում է: Հունիսի 24-ին կայացած աճուրդին տիկին Աշխենը չի մասնակցել: Ուրիշ մասնակիցներ էլ չեն եղել: 44 քմ մակերեսով տարածքն աճուրդի է հանվել 2 մլն 600 հազար դրամ մեկնարկային գնով: Տիկին Աշխենը Panorama.am-ին ասաց, որ ի վիճակի չէ նման գումար վճարել:
«Գոնե մինչև մեկ մլն դրամ լինի, մի կերպ գլուխ կհանեմ: Դա ֆանտաստիկ գին է ինձ համար»,-ասաց Ա. Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող կնոջ բնակարանը Եղեգնաձորի Սևակի 9 շենքի 3-րդ հարկում է, աշխատավայրը` 2-րդ հարկում: Յոթ տարի է` 2-րդ հարկում գտնվող 22 քմ մակերեսով տարածքը վարձակալել և դարձրել էր խմորեղենի արտադրամաս:
Նրա խնդրանքը ՀՀ նախագահից, վարչապետից, մարզպետից ու պետգույքի կառավարման վարչությունից մեկն է. բնակարանի հարևանությամբ գտնվող 44 քմ տարածքն իրեն տրամադրել, քանի որ հաշմանդամ կինը մեծ դժվարությամբ է վերելակ չունեցող շենքի երրորդ հարկից իջնում երկրորդ հարկ, ապա երեկոյան երկրորդ հարկից բարձրանում բնակարան: Բնակարանի հարևանությամբ գտնվող տարածքը աճուրդի էր հանվել մոտ 600 քմ մակերեսով նկուղի հետ, մեկնարկային գինը կազմում էր մոտ 22մլ 600 հազար դրամ: Ընդառաջելով կնոջ խնդրանքին, տարբեր պաշտոնյանների հղած նամակներին ու հաշվի առնելով հարցի շուրջ բարձրացած մեծ հնչեղությունը, պետական գույքի կառավարման վարչությունը որոշում է առանձնացնել այդ երկու տարածքները և աճուրդի դնել առանձին-առանձին:
Ա. Մարգարյանը Panorama.am-ին պատմեց, որ փետրվարի 5-ին իրեն անձամբ զանգահարել է Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու ասել, որ հենց հաջորդ օրվանից կարող է տեղափոխվել այդ տարածք, մինչև հարցն իրավական լուծում կստանա: Ա. Մարգարյանը 2.5 մլն դրամ վարկ է վերցել, տարածքը հիմնանորոգել, պատուհանները փոխել, տանիքը նորոգել: Ապրիլին պատահական իմանում է, որ տարածքն աճուրդի է դրվելու:
«Հիմա ես նամակ եմ գրում վարչապետին, գոնե ինձ հասանելի գնով դրվի աճուրդի: Գիտեք ի՞նչ, ես շատ լավ ծրագրեր ունեմ, մենակ չխանգարեն էլի: Միևնույն է, ես այստեղից դուրս եկողը չեմ, եթե ինձ բերեն 5, 10 մլն դրամ էլ տան, ինձ հասկացեք, ես դուրս չեմ գա, ես հասել եմ իմ հարմարությանը, մի ստիպեք ինձ դիմել ուրիշ քայլերի: Ես ինքնագլուխ չեմ եկել այստեղ»,-ասաց տիկին Աշխենը:
Նախորդող հրապարակումներ՝
«Ես ուզեցի ապրել». Հաշմանդամ կնոջ պատմությունը
«Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն