«Գործել է և գործելու է». Ի պատասխան արցախյան օդակայանից թռիչքի շուրջ հիստերիայի
Ստեփանակերտի օդանավակայանից փոքր, երկտեղանոց օդանավի թռիչքի մասին տեսանյութն Ադրբեջանում հիստերիա է առաջացրել. լրատվամիջոցներում քննարկվում է տեսանյութը հետևյալ մեկնաբանությամբ, թե` Խորհրդային Ադրբեջանի փողերով կառուցած օդանավակայանից ինքնաթիռները ապօրինի թռիչքներ են իրականացնում Ադրբեջանի տարածքով:
Տպավորություն է, թե Ադրբեջանում նոր են հայտնաբերում, որ օդանավակայանը ծառայում է փոքր ավիացիային:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի բնորոշմամբ, կամ նրանց տեխնիկական միջոցներն ի վիճակի չեն ֆիքսել, որ երբեք այդպիսի թռիչքները չեն դադարել, կամ էլ կա քաղաքական ենթատեքստ:
«Ուղղակի անհասկանալի է, թե ինչու են նրանք այդպիսի նոր ալիք բարձրացնում: Կարելի է այն կապել Ստրասբուրգում Ալիևի նախօերին արած հայտարարությունների հետ: Հասկացել են, որ շատ անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել, որովհետև այդպիսի տոնով հարցադրումները, ագրեսիվ պահվածքը ոչ նորմալ է, շատ վատ տպավորություն պետք է թողնի ցանկացած նորմալ մարդու վրա: Շեղելու համար հանրությանը, նրանք փորձում են ինչ-որ թեմա գտնել և շահարկել: Այդ թեմաներից մեկը օդանավակայանն է, մեկը` փախստականները… սկսել են պտտացնել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, «որ ըստ երևույթին, չսկսելով միջազգային թռիչների իրականացումը, որոշել են այսպիսով գոնե ինչ-որ կերպ օգտագործել Խոջալուի օդանավակայնը»: Հարևան երկրի քարոզչամեքենան ևս մեկ անգամ շեշտել է իրենց այն հայտարարությունը, թե «թույլ չեն տա իրենց օկուպացված տարածքների վրայով անօրինական թռիչքների իրականացումը»:
Դավիթ Բաբայանը հակադարձեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը միշտ գործել է և գոծելու է: Նա ընդգծեց, որ Ստեփանակերտի օդանավակայնն իր պատմության մեջ չի գործել մի քանի ամիս` 90-ականներին, երբ օկուպացված է եղել Ադրբեջանական զորքերի կողմից:
«Ընդհանուր իր պատմության ողջ ընթացքում աշխատում է անդադար: Հիմա էլ ուղղակի ինքնաթիռ չենք ընդունում, միայն ուղղաթիռներ և փոքր ավիացիա: Սա բոլորի համար պարզ է: Պարբերաբար արցախցիները տեսնում են, որ այդ փոքր ավիացիան անընդհատ թռիչք է իրականացնում»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Դավիթ Բաբայանը նշեց, որ փոքր ավիացիան հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական կարիքների, կադաստրային նկարահանումների համար և այլն:
Նախորդող հրապարակում`
Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ են իրականացվել (տեսանյութ)