Խռովություն Գանայի հավաքականում. Բոատենգն ու Մունտարին վտարվել են թիմից
Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականը Պորտուգալիայի ընտրանու հետ վճռորոշ հանդիպմանը նախապատրաստվում է առանց իր առանցքային ֆուտբոլիստների: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Քվեսի Ապիան որոշել է Բոատենգին ու Մունտարիին վերադարձնել տուն` նրանց անորոշ ժամկետով զրկելով հավաքականի հանդիպումներին մասնակցելու իրավունքից:
Մունտարին հարվածել է Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներից մեկին` Մոսես Արմա Պարկերին:
«Գանայի ֆուտբոլային ասոցիացիան անորոշ ժամկետով Սալլի Մունտարիին զրկել է «Սև աստղերի» (հավաքականի մականունն է,- խմբ) կազմում խաղալու հնարավորությունից: Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,- նշված է Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
Բոատենգը, իր հերթին, մարզման ժամանակ վիրավորել է մարզչին:
«Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան հավանություն է տալիս Քվեսի Ապիայի` Քևին Պրինս-Բոատենգին «Սև աստղերի» կազմից դուրս թողնելու որոշմանը: Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ և թելադրված է այն հանգամանքով, որ ֆուտբոլիստը մարզման ժամանակ կոպտորեն վիրավորել է մարզիչ Քվեսի Ապիային: Բոատենգը ներողություն չի խնդրել կատարվածի համար, ինչը և կարգապահական նման որոշման առիթ է դարձել»,- նշված է ԳՖՖ-ի հայտարարության մեջ:
Ինքը` ֆուտբոլիստը, արդեն հաստատել է, որ տուն է վերադառնում:
«Ոչ ոք չի կարող և չպետք է ասի, որ վիրավորել եմ մարզչին: Նման բան չի եղել: Ես ընդունում եմ նրա որոշումը: Հեռանում եմ թիմից և նրան հաջողություններ եմ մաղթում աշխարհի առաջնությունում ու Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում,- ասել է Բոատենգը «Bild»-ին տված հարցազրույցում:- Երեկ երեկոյան միջադեպ գրանցվեց պարապմունքի ժամանակ: Ես ու Սալլի Մունտարին կատակում էինք: Ասացի, որ նա ձեռքով է խաղացել: Պատասխանեց, որ նման բան չի եղել: Ծիծաղեցի և ասացի. «Դու մրցավա՞ր ես, ինչ է»: Եվ մենք սկսեցինք միասին ծիծաղել: Մարզիչը, սակայն, չհասկացավ, թե ինչու ենք ծիծաղում, ու հեռացրեց մարզումից: Այնուհետև ես հարցրեցի մարզչին` արդյոք մեկ րոպե ունի՞ խոսելու համար և ի՞նչ ունի իմ դեմ: Նա սկսեց գոռալ. «Կորիր այստեղից»:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Գանայի հավաքականի ֆուտբոլիստները 3 մլն դոլար են ստացել` որպես պարգևատրում աշխարհի առաջնությունում հանդես գալու համար: Փողերը թիմի մարզաբազա են հասցվել ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ: Դրանից առաջ ֆուտբոլիստներն սպառնացել էին, որ կբոյկոտեն Պորտուգալիայի ընտրանու հետ խաղը, եթե չստանան խոստացված գումարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում