Հայկ Կյուրեղյանը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել. Ավետիք Իշխանյան
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը ոստիկանության բաժնում դաժան ծեծի է ենթարկվել որպես պատիժ իր կատարած արարքի համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Հայաստանում վերջին շրջանում ոստիկանության բաժիններում նկատվում է որպես պատիժ ծեծ, վատ վերաբերմունք, ընդհուպ մինչև խոշտանգում կիրառելը», -հայտարարեց Իշխանյանը:
Վկայակոչելով ՄԱԿ-ի Խոշտանգումների, նվաստացումների և այլ նվաստացնող վերաբերմունքի, պատժի կոնվենցիան, իրավապաշտպանն ասաց, որ խոշտանգումը մարդու նկատմամբ կիրառվող մարմնական կամ մտավոր ցավն է, տառապանքը, որը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող անձի կողմից:
Հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել էր: Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ»: