Հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի ութերորդ հատորը
Լույս է տեսել Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի ութերորդ հատորը` Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի խմբագրությամբ:
Մաշտոցյան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի Ը. հատորի մեջ նկարագրված ձեռագրերի քանակը կրկին 300 է՝ Հմր 2401-2700, որը Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի հին և նոր բազմաթիվ աշխատակիցների տևական աշխատանքի և ջանքերի արդյունքն է: Տպագրվածից բացի բաժինը պատրաստել է ևս 5000 ձեռագրի նկարագրություն, որոնք մշակվելուց հետո յուրաքանչյուր տարի կներկայանան մեկ հատորի տեսքով, տեղեկացնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից:
Գիրքը լույս է տեսել Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ:
Ութերորդ հատորը սկսվում է հայտնի «Գէորգեան հաւաքածուի» կամ «Նոր ժողովածուի» ձեռագրերի ներկայացմամբ. իսկ հավաքածուի գոյացման հիմքում Գևորգ Դ. կաթողիկոսի ջանքերն են, որի շնորհիվ հետագա հնարավոր կորստից փրկվելով՝ Էջմիածնի մատենադարան են մտել և հայագիտությանն ի սպաս դրվել հիմնականում Մայր Աթոռի որոշ միաբանների պատկանած արժեքավոր շատ ձեռագրեր:
«Գէորգեան» հավաքածուն, քիչ բացառություններով, բաղկացած է գիտական առաջնակարգ արժեք ունեցող ձեռագրերից: Հիշատակման արժանի առաջին արժեքավոր ձեռագրախումբը, որ Գևորգ Դ. կաթողիկոսի տևական և համառ ջանքերի շնորհիվ 1869 թ. ստացել է մատենադարանը, Տայքի և Տփխիսի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու (մահ. 1856 թ., Ախալցխայում) ընտիր հավաքածուն է՝ այսօր Մաշտոցյան Մատենադարանում պահպանվող մեծ մասամբ եզակի արժեք ունեցող 93 ձեռագիր: Հատկանշական է, որ այս մատյանների զգալի մասը Կարապետ արքեպսկոպոսը, երբեմն՝ վերադարձնելու խոստումով, հավաքել է Մուշի, Բաղեշի, Կարնո և հարակից շրջանների վանքերից ու եկեղեցիներից, բայց հետո Կարնո գաղթի ժամանակ հետը տարել է Ախալցխա:
Այս հատորով սկսվում է միջնադարագիտական մեծ կարևորություն ունեցող այդ ձեռագրերի արժեքների և արժանիքների ամբողջական բացահայտումը, որով և ապահովվում է նրանց առավել լայն գիտական գործածությունը:
Այս ցուցակներն իրենց հետ բերում են գիտական կարևորություն ունեցող շատ մեծ ինֆորմացիա, սրանց շնորհիվ շատ ուսումնասիրոողներ կարող են այլևս ձեռագրերին չդիմել, որովհետև նրանց ունեցած պատմագիտական կարևոր տեղեկություններն արդեն այս նկարագրությունների մեջ վերարտադրված են. գիտական այս մանրամասն նկարագրությունները ձեռագրերին երկրորդ կյանք են տալիս կամ սրանց միջնորդությամբ նրանց կյանքը երկարում է։
Այս գիրքը Գևորգ Տեր-Վարդանյանի խմբագրությամբ հրատարակվող ցուցակի արդեն երրորդ հատորն է, որն արվել է բարեխղճորեն և ամեն բառի նկատմամբ պատասխանատու վարմունքով: Երեք հատորը միասին պարունակում են 900 ձեռագրի նկարագրություն, իսկ ներկայումս ընթանում են իններորդ հատորի խմբագրման աշխատանքները, որը պարունակում է ևս 300 նկարագրություն: