ՌԴ ԱԳՆ. ԵՄ հետ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ասոցիացումը կարող է վնասել Ռուսաստանի տնտեսությանը
Եվրամիության հետ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրերի ստորագրումը կարող է վնասել Ռուսաստանի տնտեսությանը: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Մենք նախկինի նման համարում ենք, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է վնասել ռուսական տնտեսությանը՝ մեր հարևանների հետ կոոպերացիոն հարաբերությունների խզման և առևտրա-տնտեսական հարաբերությունների կրճատման արդյունքում»,- նշված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է հուլիսի 11-ին նախարարների մակարդակով անցկացնել Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա ձևաչափով հանդիպում, ինչին ռուսական կողմը տվել է իր համաձայնությունը:
«Անշուշտ, նման հանդիպումները պետք է որ անցկացվեին մինչև այդքան կարևոր փաստաթղթերի ստորագրումը: Ավելի վաղ ռուսական և ուկրաինական կողմերը առաջարկել են խորհրդակցությունների եռակողմ ձևաչափ, սակայն Բրյուսելը մերժել է դրանք: Ներկայում քննարկվում է փորձագիտական մակարդակով նախապատրաստական հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 27-ին Կիևը, Թբիլին և Քիշնևը նախատեսում են Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: ՌԴ իշխանությունները բազմիցս զուգաշացրել են, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր շուկան չմաքսազերծվող եվրոպական ապրանքների հնարավոր հոսքից, հատկապես Ուկրաինայի տարածքով, քանի որ վերջինս ԱՊՀ ազատ առևտրի գոտու անդամ է: