Իրանագետ. Իրանը և «5+1» երկրները դեռ անելիք ունեն
Ս.թ. հունիսի 16-ին Վիեննայում մեկնարկել էր Իրանի և «5+1» ձևաչափի երկրների հերթական՝ հինգերորդ բանակցային փուլը, որի ընթացքում չէր հաջողվել բանակցող կողմերին վերջնական փոխհամաձայնություն ձեռք բերել ԻԻՀ միջուկային հիմնահարցի կարգավորումը երաշխավորող փաստաթղթի ընդունման շուրջ: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 2-ին: Ըստ որոշ կանխատեսումների՝ մինչև ս.թ. հուլիսի 20-ը Իրանը և «5+1» երկրները կարող են հաղթահարել տարաձայնությունները և ստորագրել ԻԻՀ միջուկային հիմնահարցը հանգուցալուծող փաստաթուղթը: Բանակցային գործընթացի արդյունքների և ակնկալիքների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Արդյո՞ք Իրանի և «Վեցյակի» միջև բանակցային գործընթացն իսկապես մուտք է գործում եզրափակիչ փուլ, թե՞…
- Դժվարանում եմ հավատալ, որ մինչև հուլիսի 20-ը Իրանի միջուկային հիմնախնդիրը կարող է վերջնականապես կարգավորվել: Իրանի և «Վեցյակի» միջև վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերը դեռ բավականաչափ անելիք ունեն, և կան մի շարք չհամաձայնեցված խնդիրներ: Եթե նույնիսկ առանցքային նշանակություն ունեցող դրույթների շուրջ կողմերը կարողացել են փոխհամաձայնության հասնել, դա դեռ չի նշանակում, որ գործն ավարտված է. հրատապ լուծում պահանջող հիմնահարցերից մեկն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացման հարցն է, որն իրանական կողմը բանակցությունների ընթացքում ամեն անգամ բարձրացնում է՝ պահանջելով Արևմուտքից հստակ գործողություններ այդ ուղղությամբ: Այդուհանդերձ, ինչպես երևում է, Արևմուտքը դեռևս չի մշակել ԻԻՀ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լիակատար վերացման տարբերակներ: Դա, իր հերթին, ստիպում է պաշտոնական Թեհրանին «5+1»-ի հետ բանակցել վերապահումներով, որն, անշուշտ, բացասաբար է անդրադառնում բանակցությունների վերջնական արդյունքի վրա: Հետևաբար, շատ մոտ ապագայում ԻԻՀ միջուկային հիմնախնդրի հանգուցալուծում հազիվ թե կարելի է ակնկալել: Այնուամենայնիվ, չի կարելի նաև բանակցային գործընթացները ձևական՝ արձանագրային բնույթի որակել, դրանցում ակնհայտ են դրական տեղաշարժերը, որոնք յուրաքանչյուր հանդիպման ժամանակ առավել շոշափելի են դառնում:
- Ի՞նչ կարող է փոխվել տարածաշրջանային գործընթացներում, եթե Իրանը և Արևմուտքը փոխհամաձայնության գան ԻԻՀ միջուկային հիմնահարցի շուրջ:
- Արևմուտքի հետ միջուկային հիմնահարցի շուրջ փոխհամաձայնության գալը ենթադրում է Իրանի ակտիվ մասնակցություն տարածաշրջանային էներգետիկ նախագծերի մշակման և իրականացման աշխատանքներին: Իրանին երբևէ չի գոհացրել Եվրոպայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության այն մակարդակը, որ մինչ այժմ եղել է, ուստի առաջնային քայլերից է լինելու այդ «բացը» լրացնելը: Կարծում եմ՝ Եվրոպան ներկայում հաշվարկներ է կատարում, թե որքանով է նպատակահարմար ռուսական էներգետիկ ռեսուրսներն իրանականով փոխարինելը: Եթե մոտ ապագայում հայտնի դառնան այդ հավանական թվացող հաշվարկների արդյունքները, և եթե դրանք լինեն հօգուտ Իրանի, ապա կարծում եմ, որ դա էապես կխթանի նաև ԻԻՀ միջուկային թնջուկի հանգուցալուծմանը:
- Ի՞նչ դեր կարող է ստանձնել Հայաստանն այդ գործընթացներում:
- Համոզված եմ, որ Հայաստանն ունի իրական հնարավորություններ իրանական էներգակիրների համար տարանցիկ երկիր դառնալու տեսանկյունից՝ հաշվի առնելով տարածաշրջանային ուժերի դասավորվածությունը և Իրանի՝ վերջիններիս հետ համագործակցության ներուժը: Այդուհանդերձ, կան մի շարք գործընթացներ, որոնք դեռևս անավարտ են՝ Մաքսային և Եվրասիական տնտեսական միությունների ձևավորում, Իրան-Արևմուտք փոխհարաբերությունների կարգավորում, Ռուսաստան-Արևմուտք և Ռուսաստան-Իրան աշխարհաքաղաքական համագործակցության նոր ձևաչափերի խնդիր և այլն, ուստի առ այժմ դժվար է ասել, թե Հայաստանն ինչ մակարդակի մասնակցություն կարող է ապահովել տարածաշրջանային էներգետիկ գործարքներում: Մեկ բան հստակ է՝ գործընթացները շատ արագ են զարգանում, և մենք պետք է զգոն լինենք՝ նպաստավոր պահը բաց չթողնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում