ՎՊ-ն Քոչարյանին անուղղակի մեղադրանքներ է ներկայացնում
Պետական պաշտոնյաները և գերատեսչություններն իրար հաջորդելով պատասխանում են Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին հարցազրույցում իրենց վերաբերվող պնդումներին: Արդյունքում, հասարակությունն ականատես է դառնում նախկին ղեկավարի և ենթակաների հեռակա բանավեճի, որի ընթացքում նաև բացահայտումներ են հնչում:
Այս տեսանկյունից, թերևս ամենաուշագրավը ՀՀ Վերահսկիչ պալատի պատասխանն է Ռոբերտ Քոչարյանին, որը տարածվեց այսօր:
Վերահսկիչ պալատն իր հայտարարություն-պատասխանում առնվազն երեք դրվագով Ռոբերտ Քոչարյանին անուղղակի մեղադրանք է ներկայացնում:
ՎՊ հայտարարությունում ասվում է. «Ակնհայտ է, որ իշխանության կատարած աշխատանքի, չենք ժխտում, նաև մեր բարձրաձայնումների շնորհիվ խնդիրները քանակապես նվազելու ուղղությամբ են գնացել: Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում: Եթե 2007-2008թթ. նյութերով դրանք տատանվում էին 10-12%-ի սահմաններում, ապա 2013թ. արդյունքներով այն կազմում է միջինը 0,75%»:
Սա ոչ այլ ինչ է քան անուղղակի մեղադրանք հասցեագրված Ռոբերտ Քոչարյանին, առ այն, որ նրա պաշտոնավարման տարիներին շինարարության ոլորտում ծավալային հավելագրումների տոկոսը բավականին բարձր է եղել՝ առնվազն 10-12 տոկոս:
ՎՊ-ի հայտարարության հաջորդ մեղադրանքը վերաբերվում է կենսաթոշակային համակարգին. «Կենսաթոշակային համակարգում տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները լուծվեցին 2010-2012թթ. վերահսկողության արդյունքներով և կառավարության արագ ու ադեկվատ քայլերով, որի արդյունքում պետական բյուջեն ստացավ շուրջ 12 մլրդ դրամի տնտեսում»:
Այլ կերպ ասած` Վերահսկիչ պալատը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է կենասթոշակային ոլորտում, տարիներ շարունակ, տասնյակ միլիարդ դրամներ վատնելու մեջ:
Վերահսկիչ պալատի հայտարարությունն ավարտվում է հետևյալ մտքով. «Չափազանց կարևոր խնդիր է կուտակված արատավոր երևույթների մասին բարձրաձայն խոսելը, չթաքցնելը և դրանց լուծման ուղիներ գտնելը: Այս դաշտում ևս տեղեկատվության պակաս չկա: Եթե իշխանությունը բարձրաձայն խոսում է արատավոր երևույթների մասին, ուրեմն համարձակություն ունի դրանք շտկելու»:
Սա, Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված երրորդ մեղադրանքն է: ՎՊ-ն ուղղակի ակնարկում է այն մասին, որ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ խնդիրների մասին խոսելն արգելված է եղել և դրանք ամեն կերպ թաքցվել են ու դրանք շտկելու ցանկություն չի եղել:
Եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի հարցազրույցներով իր նախկին ենթականերին մեղադրելու մարտավարությունը, ապա հետաքրքիր է, թե վերջիններս էլ ինչեր կարող են ջրի երես հանել:
Վահագն Հովակիմյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները