Քննությունների առաջին փուլ. «Դիմորդի վերնաշապիկի տակ ամբողջ ռադիոկայան հայտնաբերեցինք»
Ընդունելության քննությունների առաջին փուլն ավարտված է, նախնական արդյունքները վերլուծման փուլում են: Այս փուլի անմիջապես ավարտից հետո մեկնարկել են բանավոր՝ ներբուհական և կենտրոնացված քննությունները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն ամփոփեց առաջին փուլի արդյունքներն ու հայտնեց, որ այս տարի 12 346 դիմորդ է եղել, որից մոտ 4000-ը Երևանում են, մնացածը՝ մարզերի բուհերում՝ հիմնականում Լոռու և Շիրակի մարզում: Ամենաքիչ դիմորդները Վայոց ձորի մարզում են:
Գագիկ Մելիքյանի խոսքով, ամենից շատ դիմորդներ կան Հայոց լեզու և հայ գրականություն առարկաներից՝ 6838, ապա Մաթեմատիկա, Անգլերեն, Հայոց պատմություն և այլն:
Քննություններից հարգելի բացակայողների թիվը 1120 է, ինչը, ըստ ԳԹԿ տնօրենի, նորմայի սահմաններում է, իսկ բացակայությունների պատճառը հարգելի է:
«48 դիմորդ հիվանդության պատճառով ընդհատել է քննությունը: Բոլորին կտրվի երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն: Քննությունից հեռացվել է 6 դիմորդ, հիմնականում հեռախոսից օգտվելն է պատճառը: Նրանցից 4-ը դիմել են խնդրանքով, որ մասնակցեն երկրորդ փուլին, երկուսը՝ ոչ»,- ասաց նա:
Գագիկ Մելիքյանը նկատեց, որ բոլոր դիմում-բողոքները քննարկվում են բողոքարկման հանձնաժողովում, իսկ բողքներն այս տարի նվազման միտում ունեն. «Հիմնականում թեստերը ոչ ճիշտ լրացնելուն, քննության ընթացքում վատ զգացած, բայց այդ մասին ավարտից հետո հայտնած երեխաներն են բողոքարկել: Վերջիններին երկրորդ փուլի հնարավորություն չի տրվում: Իրենց քննությունից առաջ միշտ հայտարարվում է, որ կարող են դիմել բժշկին, իսկ ավարտելուց հետո բողոքարկումը չեն ընդունում»:
ԳԹԿ տնօրենի խոսքով, տեխնիկայից օգտվելու դեպքերն են ավելացել, այս տարի մի տղա դիմորդի մոտ մի ողջ համալիր է եղել:
«Վերնաշապիկի ներսում մի ամբողջ ռադիոկայան հայտնաբերեցինք. թևից դուրս եկած միկրոֆոն, անտենա, մարտկոցներ: Ստիպված մկրատով քանդեցինք կարերը: Տեխնիկան զարգանում է, այս առումով շատ խիստ ենք, ովքեր օգտագործեն, անմիջապես հեռացվելու են»,- ասաց նա և հավելեց, որ դիմորդ է եղել, ում մոտ երեք հեռախոս են գտել:
Ինչ վերաբերում է քննություններից կտրվածներին, ըստ բանախոսի, ընդհանուր առմամբ, հիմնական առարկաների գծով պատկերը կրկնվել է, կայունացման միտում կա:
«Շտեմարանների վիճակը բարելավվում է, հուսով եմ, որ անթերի շտեմարանների դեպքում ավելի լավ կլինի: Արդյունքները նույն են Հայոց լեզվի, Մաթեմատիկայի, Ֆիզիկայի և Քիմիայի գծով»,- ասաց նա:
Հունիսի 3-23-ին քննություններն անցկացվել են 7 օրում՝ 3 օր ընդմիջումով: Քննութուններ են կազմակերպվել 15 առարկաներից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում