Առողջապահության ոլորտում հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի
«Առողջապահության նախարարությունը մեծ պատրաստակամությամբ կշարունակի Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությունը»,- նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն` ընդունելով ՀՀ Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը դեսպանին ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և խնդիրները, հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Չինաստանի կառավարության աջակցությունը մեր երկրին ակնհայտ կերպով ցույց է տալիս նաև երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները: Ես նկատի ունեմ թե՛ կրթական ծրագրերը, թե՛ կոնկրետ նյութատեխնիկական աջակցությունը։ Կցանկանայի կարևորել հատկապես շտապ օգնության ծառայությունը ավտոմեքենաներով ապահովելու ծրագիրը»,-նշել է Արմեն Մուրադյանը:
Նա ընդգծել է, որ շտապ օգնության կանչերը և այս ծառայության հանդեպ վստահությունը նկատելիորեն ավելացել են: Նախարարը նաև հավելել է, որ շտապ օգնության ծառայության արդիականացումն ունի առաջնային նշանակություն` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է արտահիվանդանոցային բուժօգնության զարգացումը: Հայաստանը հետաքրքրված է նաև չինական պրակտիկ բժշկության ոլորտում համագործակցությամբ` նկատի ունենալով չինական ավանդական բժշկության ձեռքբերումները:
Արմեն Մուրադյանը կարևորել է նաև առողջապահական ոլորտում օրենսդրական, պրակտիկ բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև հանրային առողջապահության հետ կապված փորձի փոխանակումը:
«Մեր երկկողմ համագործակցությունն օրինակելի է: Կուզեի ևս մեկ անգամ ընդգծել շտապ օգնությանը մեքենաների տրամադրման ծրագրի մասին, ինչը, կարծում եմ, կարևոր ներդրում է առողջապահական համակարգի այդ ծառայության զարգացման գործում»,-նշել է Դեսպան Տյան Չան Չունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա