Հայաստանում պատրաստվում են Խոջոյանի հարցով դիմել ՄԻԵԴ
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար մեր կազմակերպությունը սպասում է փորձաքննության պաշտոնական արդյունքներին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Մամիկոն Խոջոյանի մարմնում հայտնաբերված նավթի և հոգեմետ նյութերի ներարկմանը:
Նա նշեց, որ ներկայումս փաստաթղթերի փաթեթի պատրաստման տեխնիկական հարցերն են լուծվում:
«Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու փաստով քննություն անցկացնելու համար պահանջով դիմել ենք Ադրբեջանին, սակայն դեռևս ոչ մի պատասխան չկա», -ասաց Ալավերդյանն` ընդգծելով, որ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ դժվար թե ստացվի:
Ըստ նրա` պետք է հավաքել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի նմանատիպ գործերը և ամբողջական փաթեթով ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ըստ ոստիկանության, 77 տարեկան Մամիկոն Խոջոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Խոջոյանի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: Փորձաքննության եզրակացության համաձայն, Խոջոյանի ստացած մարմնական վնասվածքները, արյան և մեզի մեջ հայտնաբերված նավթամթերքը և հոգեմետ ապաուրի տեսակի դեղամիջոցը, ինչպես նաև կատարված բժշկական միջամտությունները չեն գտնվում պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ: Բացի այդ, փորձաքննության եզրակացության նկարագրական մասում նշվում են մի շարք հիվանդություններ, որոնցով տառապել է Խոջոյանը, այդ թվում նաև նշվում է, որ Խոջոյանը կենդանության օրոք տառապել է արտահայտված թարախային միաձուլվող թոքաբորբով, թոքային հյուսվածքի այտուցով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները