«Թող թուրքը տեսնի, որ մեկ ու կես կիլոմետրի վրա ապրում ու շենանում է Մարտակերտը»
Մարտակերտն արդեն «հագել է» տոնական հանդերձանքն ու ընդունել հյուրերին: Այսօր` քաղաքի ազատագրման օրը, զինված ուժերի շարասյուները հանդիսավոր, պետական դրոշով կանցնեն շրջանի կենտրոնական փողոցներով: Բանակի ուժն ի տես դնելուց հետո, իր ուժը ցույց կտա հայ մշակույթը:
Ծաղկեպսակ կդնեն ու հարգանքի տուրք կտան նահատակ տղաներին: Այսօր նաև կմեկնարկեն հանրապետական նշանակության սպորտային մրցումներ:
«Երեկոյան համերգ է լինելու և հրավառություն: Մինչ համերգը զորամիավորման հետախուզական վաշտը նաև ցուցադրական վարժանք կանի: Թող թուրքը տեսնի, որ մեկ ու կես կիլոմետրի վրա ապրում է Մարտակերտ քաղաքը, մարտակերտցին տոնում է իր անկախությունը, պատրաստ է իր հողն ու ջուրը պաշտպանել, իր տունը կառուցել ու բնօրրանը շենացնել: Անկախ տարքից և սեռից` բոլոր մարտակերտցիները բանակի մոդուլն են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վոլոդյա Խաչատրյանը:
Վարչակազմի ղեկավարի խոսքով, Մարտակերտն այսօր կառուցվում և շենացվում է: Հիմնական ծրագրերն էլ ուղղված են կառուցելուն, պաշտպանելուն, շենացնելուն:
«Փառք Աստծո, ունենք մարտունակ բանակ, որը մեր անդորրը, մեր պետական սահմանը կարողանում է պահել: Շրջանում երեք բնակավայր գտնվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում` Մարտակերտը, Մատաղիսը և Թալիշը: Այս երեք համայնքներն էլ այսօր շենանում են: Մի շարք պետական ծրագրեր են իրականացվում»,- նշեց նա:
Վոլոդյա Խաչատրյանը հատկապես կարևորեց Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքները, որոնք, ըստ նրա, շատ արագ կերպով ընթանում են: Կան նաև ջրամատակարարման և այլ սոցիալական, մշակութային ծրագրեր:
«Բազմազավակների և զոհվածների ընտանիքների համար են տներ կառուցվում, հիմնանորոգվում են նրանց բնակարանները: Հումանիտար ծրագրով 40 զոհված ազատամարտիկների ընտանիքի տանիքները պիտի փոխվի` ընդհանուր 45 մլն դրամ արժողությամբ»,- ասաց նա:
Վարչակազմի ղեկավարը հավելեց, որ եթե մարդիկ ապրում են Մարտակերտում, ուրեմն գիտակցում են, որ իրենց հողն ու ջուրն է, պապենական բնօրրանն է, պիտի պահեն ու շենացնեն:
Նշենք, որ հայկական զինված ուժերը Մարտակերտն ազատագրեցին 1993-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները