Ի՞նչ է անելու ԵԽԽՎ պատվիրակությունը Երևան վերադառնալուց հետո. Ն.Զոհրաբյան
Ամփոփելով նստաշրջանը պետք է ասեմ, որ 7 տարվա իմ պրակտիկայում` որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, սա թերևս ամենալարված նստաշրջաններից մեկն էր և դա պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ Ադրբեջանը առաջիկա վեց ամիսներին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկիր է լինելու այլ նրանով, որ ԵԽ-ում այլևս բավականին լուրջ իրավիճակներ են ստեղծվում, որոնց մենք պետք է կարողանանք ճիշտ և ադեկվատ արձագանքենք: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ պատվիրակության անդամները Երևան վերադառնալիս պետք է լայն քննարկում ծավալեն խորհրդարանի և Արտաքին գործերի նախարարության հետ միջազգային կառույցներում իրենց աշխատանքի վերաբերյալ.
«Պետք է ասեմ, որ բավականին լուրջ ջանքեր են պահանջվում նստաշրջանից նստաշրջան հակազդելու ադրբեջանական փողի և խավիարի տոտալ քարոզչությանը, բայց ի պատիվ մեր եվրոպացի գործընկերների, պետք է նշեմ` ակնհայտ է, որ բոլորին գնելու Ադրբեջանի մոլուցքը լուրջ հակազդեցություն է վայելում այն պատգամավորների մոտ, ովքեր չեն ուզում զիջել եվրոպական արժեքները»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Նա ասաց, որ Ադրբեջանը ԵԽԽՎ ֆոյեում տաղավարներ էր տեղադրել, որտեղ ներկայացված էր երկրի անցյալը և այլ տեղեկատվություն: Պատգամավորը նկատել է, որ ի նշան բողոքի և բոյկոտի` Ալիևի ցինիկ ու սանձարձակ ելույթի, ի նշան նրա, որ Ալիևը ուղղակիորեն անձնական վիրավորանքներ հասցրեց եվրոպացի այն գործընկերներին, ովքեր բարձրացրեցին Ադրբեջանում կեղծված ընտրությունների, Ադրբեջանում ձերբակալված բլոգերների, լրագրողների և ակտիվիստների հարցը` եվրոպացիները ուղղակի բոյկոտում են այդ տաղավարները և չեն մտնում:
«Դա նկատելի է, բայց որ մենք ևս լրջագույն անելիք ունենք, քանի ցավոք սրտի դեռևս ԵԽԽՎ բարձրագույն տարբեր պաշտոններում մնում են տարբեր պատգամավորներ, որոնք Ադրբեջանի լոբիստներն են` ակնհայտ է: Ես կարծում եմ` պատվիրակությունը վերադառնալուց հետո կներկայացնի այն լուրջ կուլիսային աշխատանքը, որ մենք արեցինք »,-ասաց նա` նշելով, որ շատ բարձր է գնահատում այդ համախմբված աշխատանքը:
Ն.Զոհրաբյանը նշեց նաև, որ իր համար առնվազն հասկանալի չեն տարբեր դիտարկումներն այն մասով, թե ինչու հայկական պատվիրակությունը լռեց` որակելով դրանք պրիմիտիվ դիտարկումներ, որովհետև եթե հայկական պատվիրակներն ուղղեին այն հարցերը, որոնք իրենց հետ քննարկելով ու խորհրդակցելով ուղղեցին եվրոպացիները, ապա արդյունքում «կռիվը տեղափոխվելու էր հերթական անգամ Հայաստան-Ադրբեջան տիրույթ»:
«Եվ շատ ավելի գրագետ ու ճիշտ աշխատանքի արդյունք եմ ես համարում, որ մեր հարցերը ուղղեցին եվրոպացիները: Եվ հենց դա հունից հանեց Ալիևին, որ մեր գործընկեր ՄակՆամարայի հարցին ի պատասխան ասաց` ես գիտեմ, թե ովքեր են ձեզ ուղորդել և ասել, որ այդ հարցը տաք ինձ: Այնպես որ` նրանք, ովքեր նստած դատողություններ են անում կարծում եմ մի փոքր դիվանագիտական մտածողություն ունենալու դեպքում կհասկանային, որ սա ճիշտ ու գրագետ մարտավարություն էր»,- ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամն ու կրկնեց` «բայց որ մենք շատ լուրջ աշխատելու տեղ ունենք` մեր դեսպանությունները, մեր ներկայացուցչությունները տարբեր երկրներում պետք է իրենց աշխատաոճը փոխեն ու փորձեն ճիշտ համադրել աշխատանքը խնդիր է»:
«Եվ ես անջամբ նախաձեռնելու եմ քննարկում արտգործնախարարության, մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ մի քանի լրջագույն խնդիրներ քննարկելու համար, որոնք ես արձանագրեցի այս ընթացքում»,- հավելեց Ն.Զոհրաբյանը:
Նախորդող հրապարակում`
Ադրբեջանը սովորականի պես իր լոլոներով ԵԽԽՎ-ում կրքեր է բորբոքում. Ն.Զոհրաբյան
Այս ամենից, անկեղծ ասած, սկսում է երկակի ստանդարտների ու սուբյեկտիվության խիստ սուր հոտ գալ. Ն.Զոհրաբյան
Ի՞նչ անել, երբ ԵԽ անդամ պետությունը բռնության, ատելության, ռասիզմի ամենաակտիվ քարոզիչն է. Ն.Զոհրաբյանի ելույթը