«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկից առաջ միջադեպ տեղի ունեցավ. Շանթ Հարությունյանը իր որդուն` Շահեն Հարությունյանին, ով նույնպես ամբաստանյալների թվում է, նստեցրեց իր գիրկը ու սկսեց համբուրել, ինչը ոստիկանների ու դատական կարգադրիչների կողմից նկատողություն անելու առիթ եղավ:
Նրանք, վկայակոչելով օրենսդրությունը, Շանթ Հարությունյանին զգուշացրին, որ Շահենը պետք է նստի ոչ թե հոր գիրկը, այլ կողքին, ինչին, սակայն, Շանթը արձագանքեց այսպես. «Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք»:
Դրանից հետո առաջացած վիճաբանությունը առիթ եղավ, որ Շանթ Հարությունյանին հեռացնեն նիստերի դահլիճից:
Հետո, երբ նիստը մեկնարկեց, ամբաստանյալներից Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը` բացատրելով, որ իր պաշտպանյալը խուլիգանություն չի կատարել և ավելին, նա չի կարող թաքնվել դատաքննությունից:
«Իսկ եթե դատարանը չի փոխում Հովհաննիսյանի խափանման միջոցը, ապա պետական բյուջեից պետք է գումար հատկացնել նրա անչափահաս երեք երեխաներին պահելու համար», -հայտարարեց պաշտպանը:
Դատավորը միջնորդության մասին որոշումը կհրապարակի ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
Փաստաբանները մեզ չեն կարա օգնեն, սա քաղաքական պրոցես ա. Շանթի դատը (տեսանյութ)
Շանթի և մյուսների պաշտպանները պահանջում են հրապարակային դարձնել դատավարությունը
Դատարանում կարելի է գրել` հանուն Ռուսաստանի ֆեդերացիայի ու սկսել դատական պրոցեսը. Շանթը` դատավորին