Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուս 13 ամբաստանյալների գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ և հայտարարեց, որ մերժում է ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արա Զաքարյանը միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը և այն փոխարինել ստորագրությամբ երկրից չբացակայելու համար:
Այսօր նիստում ունեցած իր ելույթում Շանթ Հարությունյանը խոսեց մի ոստիկանի մասին, ով իր խոսքով, ամեն անգամ իրեն խոստացել է, թե նրա վրա «հոդվածներ կավելացնի»:
«Ես հայտարարում եմ, որ կա մի հատ «ԿԳԲ-ի բոզ», նկատի ունեմ` «սուկա» գործակալ, որը ամեն անգամ ինձ դատարան բերելուց, ասում ա` խոստանում եմ քո վրա մի հոդված ավելացնեմ: Դե որ արարք չկա, ինքը ակնհայտ շառի մասին ա խոսում: Ինքը վիզ դրած ա, ու դա հայտարարում ա իրա աշխատողների մոտ», -դիմելով նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին` հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Դատավորը, սակայն, սեղանին հարվածներով փորձում էր ընդհատել Հարությունյանին` զուգահեռ նախազգուշացնելով ամբաստանյալին, որ սանկցիա կկիրառի նրա նկատմամբ: Սակայն Շանթ Հարությունյանը չէր լսում նրան և շարունակում էր խոսել իր նշած «գործակալ ոստիկանի» մասին:
«Ես մարդկանց տեղյակ եմ պահում, որ կա ըտենց մի ոստիկան, որը էն մենթերի պես ինձ վախացնում ա, թե հոդված կգրի իմ վրա», -հայտարարեց Շանթ Հարությունյանը: Սակայն դատավոր Մարտիրոսյանը ավելի բարձր ձայնով հայտարարեց, որ այս պահին Շանթ Հարությունյանը նախազգուշացվում է, իսկ հաջորդ անգամ նման վարքագիծ դրսևորելու դեպքում նրա նկատմամբ կկիրառվի սանկցիա և հորդորեց նստել: Սակայն Հարությունյանն անդրդվելի էր և հայտարարեց, որ այդ մասին տեղյակ է պահում դատավորին:
Շանթ Հարությունյանն ասաց նաև, որ ինքը դատարանում քաղաքական հայտարարություններ է անում և իր համար միևնույնն է` Օպերայի բակում նստած կանի դրանք, թե բանտում:
«Ես հայտարարում եմ` որ օրը ինձ դատարանից հեռացնեն, հաշվեք ես իմ փաստաբանից հրաժարվում եմ, ես համաձայն չեմ, որ իմ դատական նիստը շարունակվի առանց ինձ, միայն իմ փաստաբանի մասնակցությամբ: Ես համաձայն չեմ, որ որևէ մեկը իմ մտքերն ու շահերը արտահայտի դատարանում»- հայտարարեց Շանթ Հարությունյանը և հետո դիմելով իր պաշտպանին ասաց. «Հարգելի Ինեսսա Պետրոսյան ջան, դուք դրանից վատ մի զգացեք»:
Նկատենք, որ այսօրվա դատական նիստում մեղադրող կողմը ներկայացրեց այս գործով անցնող 14 ամբաստանյալների մեղադրանքը, սակայն նրանք բոլորն էլ ասացին, որ համաձայն չեն իրենց առաջադրված մեղադրանքի հետ:
Նախորդող հրապարակում`
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան