Երեխաների առողջության պահպանման նոր ծրագրեր` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ
Առողջապահության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացնում է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Ահրենսին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիաննա Հովակիմյանին։ Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
«Մանկան մահացության ցուցանիշները Հայաստանում նվազել են, սակայն նպատակ ունենք ավելի լավ արդյունքների հասնել։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մանկական հիվանդացության նվազեցման ու ճիշտ սնուցման հարցերը և բարձր ենք գնահատում մեր համագործակցությունն այս ոլորտում»,-ասել է նախարարը։
Հենրիետ Ահրենսն ընդգծել է, որ Հայաստանի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը շատ արդյունավետ է և վստահեցրել է, որ այն ավելի կամրապնդվի։ Նաև նշել է, որ Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները նվազել են համակարգված ծրագրերի շնորհիվ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ նախատեսվում է Հայաստանում իրականացնել նեոնատալ ծառայության բարելավման ծրագիր։ Այնուհետև քննարկվել են «Ցորենի ալյուրի հարստացում միկրոտարրերով և վիտամիններով» օրենքի նախագծին, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանն ուղղված նախատեսվող ծրագրին վերաբերող և այլ հարցեր։
Հենրիետ Ահրենսը տեղեկացրել է, որ մշակման փուլում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության 2016-2020թթ. հնգամյա պլանը։ Այդ առթիվ Հայաստան կժամանի փորձագետը` տեղում մեր մասնագետների հետ կազմելու առողջապահական բաղադրիչը։
Կարևորելով իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունքները` Արմեն Մուրադյանն առաջարկել է շարունակել և ընդլայնել աջակցությունը` նկատի ունենալով, որ նախարարությունը ստանձնել է զինակոչիկների պատվաստումների կատարումը քաղաքացիական պոլիկլինիկաներում։ Ալյուրի հարստացման ծրագրի հետ կապված Արմեն Մուրադյանը նշել է, որ օրենքի նախագիծը շահագրգիռ տարբեր գերատեսչությունների հետ քնարկումների փուլում է։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկվել է նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխման նպատակով փոփոխություններ կատարելու հարցը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Արման Բաբլոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա