Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերը շարունակվելու են. փոխվարչապետ
Ձևավորված արդյունավետ համագործակցության շնորհիվ է, որ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում Հայաստանը կրկին տեղ է գտել ամենաբարձր՝ առաջին խմբում:
Այսօր ընդունելով Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարներին` նշել է ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գևորգյան: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Սա նաև հասարակական հատվածի կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքի արդյունք է: Մենք, սակայն, չենք բավարարվելու արձանագրված արդյունքներով և շարունակելու ենք երևույթի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը՝ այդ գործում որպես կարևոր գործընկեր ունենալով հասարակական կազմակերպություններին»,-նշել է փոխվարչապետը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում արտացոլված՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող առաջարկությունների իրականացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ զեկույցն առաջիկայում կքննարկվի Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում՝ առաջարկությունների իրականացման միջոցառումների ծրագիր մշակելու համար: Օրենսդրական լուծումների անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:
Հայաստանն արդեն երկրորդ տարին է ընդգրկվում ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի՝ երկրների դասակարգման սանդղակի ամենաբարձր խմբում: Մինչ այդ տեղ էր զբաղեցնում երկրորդ խմբում: