Կրակոցներ Չորաթանում. «Թուրքերը հի՞լ են անում, եղած-չեղածը բրախել ենք բաղերում»
Երեկ հերթական անգամ, հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի մի քանի գյուղերի վրա: Կրակոցները հնչել են նաև Չորաթան գյուղի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանն ասաց, որ հակառակորդի կրակոցից վնասվել է երկու ավտոմեքենա:
«Չեն թողել գյուղացիները բաղերում աշխատեն: Կրակել են բաղերին մոտեցող մեքենաների վրա ու վնասել: Մարդիկ ստիպված մեքենան թողել են բաղում ու ոտքով հետ են եկել: Էսօր գյուղացիներն իրենց այգիները չեն գնացել, բայց դե մենք չենք կոտրվում էլի: Էսօր չեն գնացել, վաղը` կգնան»,- ասաց Վ. Բաղմանյանը:
Նշենք, որ Չորաթան գյուղը, համեմատած սահմանամերձ գյուղերի հետ, փոքր-ինչ հեռու է սահմանից, սակայն գյուղի խաղողի այգիներն ամենամոտն են հակառակորդի գյուղին:
Վ. Բաղմանյանի խոսքերով` այս պահին կրակոցները դադարել են, գյուղում խուճապ չկա, մարդիկ հանգիստ են:
Չորաթանի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցների պատճառով չեն կարողանում հնձած խոտը հասցնել գյուղ. «Թուրքերը հի՞լ են անում, եղած-չեղածը բրախել ենք բաղերում: Հիմա սպասում ենք, տեսնենք ինչ կլինի»: