ԱԱԽ նիստում Ղարաբաղի հարցն է քննարկվելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը կարևոր է նրանով, որ կհաջորդի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորություններին դեպի Ղարաբաղ: Սերժ Սարգսյանը վերջինն էր: Նա կվերադառնա Ղարաբաղից և ԱԱԽ նիստ կանի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղարաբաղում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ապա այնտեղ հայտնվեց Հովիկ Աբրահամյանը:
«Ընդ որում, Սերժ Սարգսյանի Ղարաբաղ մեկնումը բացատրվում էր ոչ այնքան իր ծննդյան օրը տանից «դուրս լինելու» սովորույթով, որքան վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած զարգացումներով: Նկատենք, որ այս օրերին հայկական կողմը կրկին առաջ է քաշում թեզը, որ ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ, և որ առանց Ղարաբաղի համաձայնության որևէ պայմանավորվածություն չի կարող գործել:
ԱԱԽ նիստի հաջորդ «առանձնահատկությունն» էլ այն է, որ տեղի է ունենալու հուլիսի 3-ի՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փուլի նախօրյակին: Եվ, ի վերջո, պակաս հետաքրքիր չէ, թե արդյոք նիստին կմասնակցե՞ն այլընտրանքիստ Գագիկ Ծառուկյանը և այլևս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը»,-գրել է թերթը: