Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը. «Հայկական Ժամանակ»
«Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել: Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը. Մասնավորապես՝ կրակել է բնակեցված տների, մանկապարտեզների և դպրոցի վրա: Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը՝ վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին:
Թերթի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասել է, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են, վնասների մասին առայժմ չեմ կարող ասել»,-ասել է Ավալյանը: