Վրաստանի վարչապետ. Ռուսաստանի հետ երկխոսությանն այլընտրանք չկա
Վրաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական շուկային և միաժամանակ պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի հետ երկխոսությանն այլընտրանք չկա: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Եվրամիություն մտնելու մեր ձգտումը չի հակասում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեր ձգտմանը: Ռուսաստանի հետ երկխոսությանն այլընտրանք չկա»,- ասել է նա:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը բացառիկ նախադեպ կստեղծի ողջ աշխարհում, որ կկարողանա ինտեգրվել եվրոպական շուկային և միաժամանակ խաղաղ, հավասարակշռված և բարեկամական հարաբերություններ ունենա բոլոր երկրների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 27-ին Վրաստանը ԵՄ հետ ստորագրել է Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը: Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից:
Ռուսական իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական շուկայի վրա բացասական հետևանքների դեպքում Մոսկվան կկիրառի պաշտպանական միջոցառումներ: Հուլիսին նախատեսված են փորձագիտական մակարդակի խորհրդակցություններ Ռուսաստանի և Վրաստանի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում