Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի դռները կրկին կբացվեն նկարչի ծննդյան օրը
2015 թվականաի փետրվարի 28-ին՝ 20-րդ դարի մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրը (135-ամյակ), իր դռները կրկին կբացի Մ. Սարյանի տուն-թանգարանը: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Հիշեցնենք, որ 2013 թ. հուլիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է:
Շինարարության առաջին փուլը, ըստ Ռ. Սարյանի, կավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, որից հետո արդեն կսկսվեն ներքին հարդարման՝ դիզայներական աշխատանքները:
Հիմնանորոգումից հետո թանգարանը լինելու է չորս հարկ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:
«Ամեն ինչ ընթանում է ըստ նախագծի: Ունենք տարհանման աստիճանավանդակ, հաշմանդամների համար բոլոր հարմարությունները, թեքահարթակներ, վերելակ, նաև՝ հարմարավետ աշխատասենյակներ, պահոց, ձմեռային համակարգ (ջեռուցում, օդափոխություն, օդորակում)»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը՝ հավելելով, որ հիմնական խնդիրները լուծված են, մնում է Սարյանի ապրած տան մասի վերանորոգումը:
Տուն-թանգարանի վերաբացումը նշանավորվելու է նոր ցուցադրությամբ:
«Իհարկե, ներկայացվելու են մեր հավաքածուի աշխատանքները, բայց նոր մատուցմամբ, արդիական միջոցներով, աուդիոգիդով»,- նշեց Ռ. Սարյանը:
Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն:
«Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»։ Իր ապագա տան մասին այսպես է գրել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը դեռևս 1927 թվականին՝ Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում:
Այդ տարիներին դա թվում էր անիրագործելի երազանք։ Սակայն Սարյանն այն բացառիկ ռոմանտիկներից էր, որոնք ի վիճակի էին կյանքի կոչել մեկը մյուսից ավելի խիզախ ծրագրեր։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:
Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը:
«Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է Մ. Սարյան:
Մ. Սարյանը նկարում է իր տունը 1940 թ.