«Միշտ էլ պինդ ենք, թող թիկունքը պինդ լինել սովորի». Տավուշի գյուղերի վրա այսօր ևս կրակել են
Տավուշի մարզի գյուղերը հակառակորդը կրակահերթի տակ է պահում. գնադակոծություններ են եղել գիշերը, այսօր ևս ընդհատումներով կրակում են: Գնդակոծվել են Բարեկավան, Մովսես և Այգեպար գյուղերը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հակառակորդը մեծ տրամաչափի գնդացիներից կրակել է գյուղերի ուղղությամբ, պատասխան ստացել են ու լռել:
«Վերջին օրերին համեմատաբար ակտիվ են, բայց այն ակտիվությունը չէ, որ եղել է: Ավելի ակտիվ վիճակներ էլ ենք ունեցել»,- ասաց նա:
Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի խոսքով, իրենց ուղղությամբ կրակել են երեկ` ժամը 17:00-18:30-ը:
«Հիմնականում խոտերն այրվեցին, արոտը»,- ասաց նա և հավելեց, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը սահմանին, պատասխան գործողություններից հետո է հակառակորդի ակտիվությունը չեզոքացվել:
Այգեպարի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցները հնչել են ժամը 10:30-ից:
«11:15-ից մերոնք սկսել են հակահարված տալ: Երկու ժամ անց լռել են: Վնասներ են եղել` տանիքներ, պատեր: Գազատարն է մի քանի տեղից վնասվել: Բնակիչներից մեկի տան հարևանությամբ հրդեհ էր բռնկվել: Բարեբախտաբար, վիրավորներ չունենք: Հիմա էլ չեզոք գոտում է մեծ հրդեհ բռնկվել, ամբողջ գյուղը ծխի մեջ է»,- Panorama.am-ի թղթակցին ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Գյուղապետը հավելեց, որ ընդմիջումներով կրակոցներ դեռ լինում են, այսօր նաև դիպուկահարով են խփել. «Բայց մեր գյուղացիները գիտեն ինչ անել»:
Մովսեսում կրակոցները ДШК-ից են եղել, նաև արկ է պայթել:
«Բայց թե հակատանկային ականանետից է, թե ինչից է… մեծ արկ էլ է գյուղի տարածքում պայթել գիշերը: Մյուս արկը չգտանք, ձորակներ կան, երևի այնտեղ է եղել»,- Panorama.am-ի թղթակցին պատմեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Նա նշեց, որ կրակոցներն իրենց գյուղի ուղղությամբ հնչել են ժամը 10:15-ից մինչև գիշերվա 1:30: Կրակոցներ են եղել նաև առավոտյան ժամը 5-ին, հիմա հանգիստ է:
«Գնդակներից երկու տան մեջ է ընկել, մեկի անկողինն է այրվել, մյուսինը ցրիվ է տվել: Հրաշքով է փրկվել մարդը, քնած տեղից արթնացել, դուրս է եկել, վերադարձել է` անկողինն արդեն ցրիվ տված է եղել»,- ասաց գյուղապետը:
Կրակոցներ են եղել տների, դպրոցի և գյուղապետարանի պատերին, ինչպես նաև Մովսեսի եկեղեցու գմբեթին:
«Շատ-շատ են եղել կրակոցներ, բայց մեծ վնասներ չկան: Դժվար է պատկերացնել, դուք այդտեղ արևի տակ պաղպաղակ եք ուտում: Եկեք մի շաբաթ մնացեք, տեսնեմ ոնց կդիմանաք: Կառավարությանն եմ ասում»,-ասաց նա:
Հեռախոսն անջատելուց առաջ գյուղապետին ասացի` պինդ կացեք: Պատասխանեց. «Մենք պինդ ենք, միշտ էլ պինդ եք, թող թիկունքը պինդ լինել սովորի»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան