Արտեմ Ասատրյան. Մեկ մասնագիտություն ողջ կյանքի ընթացքում սկզբունքն այսօր ժամանակավրեպ է
«Արագ զարգացող ժամանակաշրջանում կարևորվում է անձի շարունակական զարգացումը՝ աշխատաշուկայի մրցունակությունն ապահովելու, կայուն զբաղվածություն ունենալու համար: Մեկ մասնագիտություն ողջ կյանքի ընթացքում սկզբունքը ժամանակավրեպ է: Այսօր քայլեր են արվում կարիերայի ուղղորդման համակարգի ներդրման ուղղությամբ»,- «Կարիեայի ուղղորդման հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագիրը կրող առաջին գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա, յուրաքանչյուր անձ, անկախ տարիքից, սոցիալական ու աշխատանքային կարգավիճակից, հաճախ մասնագիտական ուղղորդման, խորհրդատվության կարիք ունի՝ իր կարիերան գիտակցված կառուցելու համար: Նախարարի խոսքով, այս ամենն ապահովելու համար կա կառավարության կողմից հաստատված հայեցակարգ, նախատեսված միջոցառումները հետևողականորեն իրականացվում են:
«Արդի մարտահրավերների ժամանակաշրջանում աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունները պարտադրում են, որ մեր քաղացիները կարողանան ստանալ կարիերայի ուղղորդման վերաբերյալ ծառայություններ, որը թույլ կտա աշխատաշուկային տվյալ պայմաններին համապատասխանող մասնագիտություն ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Ասատրյանը:
Նախարարի դիտարկմամբ, կարիերայի ուղղորդման անհրաժեշտություն կա հենց դպրոցում սովորելու ընթացքում, մասնագիտություն ընտրելիս, ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում:
«Լուրջ խնդիր է, երբ քաղաքացին չի կարողում իր մասնագիտության համապատասխան աշխատանք գտնել աշխատաշուկայում: Շատ դեպքերում մենք սա կոչում են կառուցվածքային գործազրկություն, որը առկա է Հայաստանում: Այսինքն՝ կան թափուր աշխատատեղեր, բայց համապատասխան աշխատողներ չկան»,- նշեց Ա. Ասատրյանը:
Նախարարի խոսքով, մարզերում ունեն բժիշկների, ուսուցիչների թափուր աշխատատեղեր, իսկ Երևանում բարձր որակավորում ունեցող տեխնիկական մասնագիտությունների կարիք կա:
«Այս տարիների ընթացքում աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններն իրենց բացասական ազդեցություն են ունեցել այս խնդիրների վրա: Այս տարվանից միջին մասնագիտական կրթությունն ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետական բյուջեի կողմից, այսինքն՝ միջին մասնագիտության ուղղությունը դառնում է հիմնարար, առաջատար, աշխատաշուկային պետք են միջին մասնագիտական կթրություն ունեցող համապատասխան մասնագետներ»,- ասաց Ա. Ասատրյանը՝ հավելելով, որ իրականացվող քայլերը նպատակաուղղված տանում են առկա խնդիրների լուծմանը:
Նախարարը նաև նշեց, որ այսօր աշխատուժի առաջարկն ու պահանջարկը որոշակիորեն տարբերվում են իրարից, ինչը կապված է մի շարք գործոններով, այդ թվում նաև ցածր աշխատավարձով, սակայն տարվող քաղաքականությունը՝ նվազագույն աշխատավարձերի չափերի շարունակական բարձրացում, միասնական աշխատավարձի համակարգի ներդրում, էական ազդեցություն կունենա այդ խնդրի լուծման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով