Սևանի հանրային լողափերը նախապատրաստվել են հանգստի շրջանի բացմանը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վ. Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ հուլիսի 1-ին նախատեսված բացման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Լողափերում անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը քննարկում է անցկացրել տարածքային ոստիկանական, փրկարար և բժշկական ծառայություն իրականացնող մարմինների պատասխանատուների հետ:
«Սևան» ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանգստյան ժամանակահատվածին լողափերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ: Աշխատանքային այցի շրջանակներում «Սևան» ազգային պարկ են ժամանել նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները, Սևանից լրացուցիչ ջրառի պատճառների հիմնավորումները, կլիմայական փոփոխությունների հետևանքով նկատվող սակավաջրությունը: Թեմայի շուրջ հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:
Արամայիս Գրիգորյանն, իր ելույթում կարևորելով արտագնա նիստերի ձևաչափով անցկացվող հանդիպում-քննարկումները, նշել է. «Սևանը մեր հարստությունն է, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը պետք է լինի «Սևան» ազգային հարստության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Սևանա լճի հիմնախնդիրը մեր երկրի ռազմավարական նշանակության խնդիրներից է, և պատասխանատու բոլոր գերատեսչությունների ջանքներն ուղղված են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչը մեզ հաջողվել է և այսօր մենք ունենք նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշ: Սա մեծ ձեռքբերում է, որը պետք է կարողանանք պահպանել: Ինչ վերաբերում է Սևանից լրացուցիչ ջրառի խնդրին, ապա պետք է նշեմ, որ ցավալի է, որ մենք ստիպված ենք նախատեսվածից ավել ջուր բաց թողնել Սևանից, սակայն այս բացթողումը մասնագիտորեն հիմնավորված է` կապված կլիմայական փոփոխություններով պայմանավորված սակավաջուր տարվա հետ»:
Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Սևան» ազգային պարկի աշխատակազմը, իրականացնելով համապատասխան հանձնարարականները, ՀՀ ԱԻՆ, ոստիկանական ծառայության և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լիարժեք պատրաստվածության են բերել ծառայությունների մատուցմամբ 3 հանրային լողափերը, որոնք հուլիսի 1-ից կընդունեն հանգստացողներին: Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել ծառայությունների մատուցմամբ հանրային լողափերի թիվը:
Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում այցելուների համար ապահովել առավելագույն հարմարավետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան