Հերոս սերժանտն այսօր կդառնար 20 տարեկան
«Պոստ պահող տղերքը թագավոր տղերք են»,-սրանք ադրբեջանական դիվերսիոն խմբին հետ մղելիս զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի խոսքերն են, ով այսօր կդառնար 20 տարեկան:
Արմենը, մինչ զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում և ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Աշխատում էր կահույքի արտադրամասում և զբաղվում էր քանդակագործությամբ:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Առաջին աստիճանի մեդալով:
Այս օրերին Արմեն Հովհաննիսյանը կզորացրվեր:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյան. Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը
Դիվերսիայի զոհ դարձած Արմենի խոսքերն են՝ «Պոստ պահող տղերքը թագավոր տղերք են»
Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով