Հայկական պատվիրակությունը հաջողություններ է գրանցել Բաքվում. yerkir.am
Բաքվում րոպեներ առաջ ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ին Բաքվից տեղեկացրել է, որ հաջողվել է Հայաստանի համար կարևոր ու սկզբունքային երեք ուղղում մտցնել հանձնաժողովի զեկույցի ու վերջնական ընդունված բանաձևի մեջ:
Ըստ նրա` արձանագրության 23-րդ կետը, որ պատրաստել էր զեկույցի ու բանաձևի հեղինակը` Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիա Կաուման, ընդգծում էր մասնակից երկրների սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքները պաշտպանելու կարևորությունը` ամրագրված Հելսինկյան եզրափակիչ ակտում:
«Մեր պատվիրակությունը դեռ Երևանից առաջարկություն էր արել, որին միացել էին նաև այլ պատգամավորներ այլ երկրներից: Եվ քիչ առաջ կոմիտեի նիստում քվեարկության դրվեց մեր առաջարկությունը, որն անցավ, և արդեն այդ տեքստին ավելացան նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքն ամրագրող սկզբունքները ևս: Այսինքն` երեք սկզբունքներ ամրագրվեցին բանաձևի մեջ: Զեկույցի հեղինակը համաձայնեց մեր առաջարկի հետ, և մեծամասնությունը քվեարկեց մեր առաջարկի օգտին»,- ներկայացրել է Աղվան Վարդանյանը:
Քաղաքական հարցերի հանձնաժողովի արձանագրության մեջ, բացի սրանից, հայկական պատվիրակությանը հաջողվել է երկու այլ առաջարկություններ ևս ընդունել տալ, որոնք վերաբերել են Սիրիային: Արձանագրության նախագծում նշված են եղել էթնիկական խմբերի դեմ հանցագործությունները դատապարտող դրույթներ, եւ հայկական կողմի առաջարկով այդ կետի կողքին ավելացվել է նաև կրոնական խմբերի հանդեպ հանցագործությունները դատապարտող դրույթը:
«Սա ընդունվեց: Երկրորդը` մենք առաջարկեցինք, որ ԵԱՀԿ անդամ երկրները թույլ չտան, որ իրենց տարածքներն օգտագործվեն ֆունդամենտալիստական և տեռորիստական խմբերի կողմից` դեպի Սիրիա անցում կատարելու և այնտեղ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործություններ կատարելու համար: Դա ուղղակիորեն վերաբերում է Թուրքիային, Քեսաբի հարցերին, եւ ադրբեջանցիներն են այնտեղ կռվում ու սպանվում»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Հայկական պատվիրակության այս երկու առաջարկությունները ևս ընդունվել են, որոնք, ըստ Վարդանյանի, շատ կարևոր էին հայկական կողմի համար:
Հարակից հրապարակում`
Ա. Գեղամյան. Այսօր ԼՂՀ-ն կայացած, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է