Գյուղացիները փորձում են իրավիճակից ելքեր գտնել. Արտենիի համայնքապետ
Արագածոտնի մարզի Արտենի համայնքի կարկուտից տուժած գյուղացիները չնայած առաջին օրերի հուսահատությունը, այժմ փորձում են իրավիճակից ելքեր գտնել: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը, գյուղացիները նախ փորձում են ինչ-որ ձևով իրացնել վնասված ծիրանի բերքը:
«Կամ այդ բերքը կհանձնեն վերամշակող ձեռնարկություններին, կամ էլ կփորձեն վաճառել շուկայում»,- ասաց Գ.Խլղաթյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմանում, Արտենի համայնքում մոտ 30 րոպե տեղացած կարկուտը փչացրել է մրգատու այգիների ամբողջ բերքը: Կարկուտից տուժած երեք գյուղերի՝ Արտենի, Արագածավան և Լուսակն համայնքների բնակիչներն այսօր փակել են Արմավիր-Երևան ճանապարհը, միայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ զրուցելուց հետո, բացել են ճանապարհը:
Նրա խոսքերով` գյուղացիները իրենց ցանքատարածություններում նորից ցանք են կատարում, այգիներում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում:
«Գյուղացիները իրենց ուժերով ամեն ինչ անում են, որ էս վիճակից դուրս գան: Մարդիկ հուսահատվում են, բայց էլի աշխատում են: Բա ի՞նչ անեն, վարկերի տակից ո՞նց պիտի դուրս գան»,- ասաց համայնքապետը:
Գ.Խլղաթյանը նշեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ աշխատանքները շարունակվում են, ճշտվում է կարկուտի պատճառած վնասի չափը: Ըստ նրա` նախնական տվյալներով 327 գյուղացու ծիրանի բերքը վնասվել է, իսկ առվույտի, գարու և ցորենի ցանքարտարածությունների մասով դեռ չեն կարող կոնկրետ թվեր հրապարակել: Նա հույս հայտնեց, որ 2-3 օրերի ընթացքում աշխատանքները կավարտեն, իսկ Կառավարության առաջիկա նիստում արդեն որոշակիություն կլինի:
Նախորդող`
Գյուղացիները երեկ սպասում էին` իրենց չարչարանքի դիմաց մի քիչ եկամուտ կստանան. Արտենիի համայնքապետ
Արտեմի համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը. «Սարսափելի է»