Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Հայաստանում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը, որին մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում ծրագրի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
Ողջունելով ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին՝ Մ. Մկրտչյանը նշել է , որ պետական հոգացությամբ իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագրի հիմնական նպատակը հայապահպանությունն է. «Մենք այս ծրագրին շատ մեծ նշանակություն ենք տալիս, քանի որ այն մի կողմից, մեզ հնարավորություն է ընձեռում հանդիպել սփյուռքի ուսուցիչների հետ և տարբեր հարցեր քննարկել, օգնելով նրանց՝ որակյալ ուսուցում կազմակերպելու գործում, մյուս կողմից, ուսուցիչները մեզ օգնում են ավելի հստակ հասկանալ սփյուռքի դպրոցների խնդիրները: Դուք, սիրելի ուսուցիչներ, պետք է լինեք, համարձակ և հանդուգն՝ մեզ նոր գաղափարներ փոխանցելու և հայապահպանության խնդրի նորարարական մոտեցումներ թելադրելու հարցում: Ես վստահ եմ, որ փորձի փոխանակումը, որը դուք ձեռք կբերեք այստեղ՝ Հայաստանում, օգտակար է լինելու ձեր հետագա աշխատանքում»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալը:
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը ևս, բարի գալուստ մաղթելով ուսուցիչներին՝ տեղեկացրել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրանք ծրագրի շրջանակում կհանդիպեն ՀՀ լավագույն մասնագետներին՝ դասախոսների ԵՊՀ-ից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից և Կրթության ազգային ինստիտուտից:
Մեկ ամիս տևողությամբ ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից՝ համապատասխան ծրագրով ըստ հետևյալ խմբերի՝
• Ուսուցում մանկապարտեզում
• Ուսուցում մեկօրյա դպրոցում
• Դպրոցների կառավարում
• Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն):
• Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում: Լսարանային պարապմունքներից բացի, ուսուցիչների համար նախատեսված են նաև այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թատրոններ և թանգարաններ:
Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՆ և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում