Ինչպե՞ս պետք է հղիները պաշտպանվեն ամռան շոգից. խորհուրդներ` գինեկոլոգից
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը մեղմելու համար հղիներին խորհուրդ չի տրվում երկար ժամանակ գտնվել կիզիչ արևի տակ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին, հղիները պետք է առավել ուշադիր լինեն և հետևեն իրենց ինքնազգացողությանը:
Նրա խոսքերով` հղիները առաջին հերթին պետք է օրվա ռեժիմ ունենան:
«Նախ` ամռան շոգ օրերին հղիները պետք է զբոսնեն առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունը ցանկալի չէ: Հղիների ճնշումը, հեմոգլոբինը սովորականից ցածր է լինում, ուստի արևահարությունից նրանց ինքնազգացողությունը կվատանա»,- ասաց Պավել Սոցկին:
Նրա խոսքերով` արևահարությունից խուսափելու համար հղիները պետք է բաց գույնի հագուստ կրեն, քանի որ մուգ հագուստը կլանում է արևի ճառագայթները, ինչի արդյունքում մեծանում է արևահարության հավանականությունը:
Անդրադառնալով սննդակարգին, գինեկոլոգը նշեց, որ հղիները օրվա ընթացքում պետք է ուտեն հինգից-վեց անգամ` փոքր չափաբաժնով: Ըստ նրա` սխալ է, որ օրվա ընցացքում մեկ կամ երկու անգամ են ուտում, քանի որ այդ ընթացքում ուտում են ամբողջ օրվա համար նախատեսված չափաբաժինը: Մինչդեռ հաճախակի ուտելը կնվազեցնի և սովի զգացումը, և թույլ չի տա, որ ծննդաբերությունից հետո ավելորդ քաշ հավաքեն:
Ուտելիքը պետք է հարուստ լինի վիտամիններով, միկրոէլեմենտներով, ինչպես նաև պետք է սպիտակուց պարունակի: Ամռանը լավ է ուտել մրգեր, բանջարեղեն:
Լրագրողի դիտարմանը, թե այսօր շուկայում վաճառվող միրգը բավականին թանկ արժե և ոչ բոլորը կարող են միրգ գնել, այդ դեպքում հղին ինչպես պետք է օրգանիզմում լրացնի անհրաժեշտ վիտամինները, Սոցկին նշեց, որ սովորաբար հղիներին նշանակում են վիտամիններ, որոնք պարունակում են անհրաժեշտ միկրոէլեմենտներ:
«Սննդամթերքով հղին այդքան վիտամին չի կարող ստանալ, որքան վիտամիններով: Ուստի անհրաժեշտ քանակը կարող են այդ վիտամինները լրացնել»,- ասաց նա:
Մանկաբարձ-գինեկոլոգը հղիներին ալերգիայից խուսափելու համար խորհուրդ տվեց զերծ մնալ այնպիսի սննդամթերքներից, որոնք ալերգիա են առաջացնում, դրանք կարող են լինել հատկապես մրգերը` նարինջ, կիվի, ելակ և այլն:
Երակների հետ կապված խնդիրներ ունեցող հղիներին էլ գինեկոլոգը խորհուրդ է տալիս կրել էլաստիկ գուլպաներ, որոնք վաճառվում են դեղատներում և հատուկ խանութներում:
Ինչ վերաբերում է քրտնարտադրությանը, Պ.Սոցկին նշեց, որ սովորաբար հղիներն ավելի շատ են քրտնում, ուստի խորհուրդ է տրվում զբոսանքից հետո պարտադիր ցնցուղ ընդունել և լվանալ մազերը: Եթե քրտնախաշվել է մարմնի որևէ հատված, ապա խորհուրդ է տրվում ցինկի օքսիդի հիմքով պատրաստված քսուկներ օգտագործել, կամ` մանկական փոշիներ:
Նշվեց նաև, որ հղիները պետք է օրվա ընթացքում ձախ կողմի վրա պառկեն, որպեսզի կարողանան լիարժեք հանգստանալ, մեջքի վրա պառկել խորհուրդ չի տրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները