Իրաքի վարչապետի խոսնակն ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ օգնություն չտրամադրելու դեպքում Բաղդադը կդիմի Իրանին
«Եթե Միացյալ Նահանգներն Իրաքին օգնություն չցուցաբերեն, ապա Բաղդադը կդիմի Իրանի օգնությանը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի ղեկավարած կուսակցության մամլո խոսնակ Հեյդար ալ-Աբադին:
Ալ-Աբադին, որը միևնույն ժամանակ հանդիսանում է Իրաքի խորհրդարանի պատգամավոր, անդրադառնալով «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ)-ի դեմ բանակի կողմից իրականացվող գործողություններին, մասնավորապես նշել է. «Եթե Միացյալ Նահանգները շարունակեն մերժել Իրաքի խնդրանքը, այն է՝ օդային հարվածներ հասցնել ԻՇԻՊ-ին, ապա Բաղդադը օգնության խնդրանքով կդիմի Իրանին»:
ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, օրերս անդրադառնալով ԻՇԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին սպառազինությամբ ապահովելու հավանականությանը, մասնավորապես նշել էր. «Իրաքն առայժմ ռազմական տեխնիկա ստանալու խնդրանքով չի դիմել մեզ, սակայն ցանկություն հայտնելու դեպքում համաձայն միջազգային նորմերի՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Իրանը Իրաքին կապահովի ռազմական տեխնիկայով»:
Իրանում Իրաքի դեսպան Մոհամմադ Մաջիդ ալ-Շեյխն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԻՇԻՊ-ի դեմ պայքարում Բաղդադի և Վաշինգտոնի համագործակցությանը, նշել էր. «Իրաքն ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ ռազմավարական համաձայնագիր է ստորագրել, համաձայն որի՝ արտաքին սպառնալիքի դեպքում կարող ենք հայցել Միացյալ Նահանգների օգնությունը»:
Հավելենք, որ իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահմադի Մողադամն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածված այն տեղեկատվությանը, թե Իրանի ուժային կառույցները սահմանի մոտակայքում ԻՇԻՊ-ի անդամների են ձերբակալել, նախ հերքել է այդ լուրերը, այնուհետև հավելել. «Հնարավոր է, որ այդ խմբավորման հետ առնչություն ունեցած անձինք ձերբակալված լինեն, սակայն, ԻՇԻՊ-ի խմբեր Իրան մուտք չեն գործել»:
Նշենք, որ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԻՇԻՊ-ը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը, նրա փոխարեն ստեղծվել է «Իսլամական Պետություն» (Խալիֆայություն), որի կազմում ներառվում են բացառապես բոլոր մուսուլմանական պետություններն, այդ թվում՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
«Իրաքում և Շամում իսլամական պետությունը» սպառնալիք՝ Իրանի սուննիաբնակ նահանգների անվտանգությանը