Առաջարկ. Հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցնել մինչև 10 շաբաթ
Առողջապահության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդլայնված քննարկում, որին մասնակցել են առաջատար մասնագետներ, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական և բնակչության հիմնադրամների, միջազգային այլ կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։
ԱՆ-ից հաղորդում են, որ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտության նախապատմությունն ու շարժառիթները հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով 2011թ. Հայաստանի տնային տնտեսություններում և բուժհաստատություններում կատարվել է հետազոտություն-հարցում նորածինների սեռերի համամասնության շեղումների հետազոտություն:
Հետագայում` 2012-ին կատարվել է խորքային ուսումնասիրություն՝ հիմքում ընդունելով իրականացման պահին առկա ժողովրդագրական տվյալների բոլոր խոշոր աղբյուրները՝ ներառյալ 2001թ. և 2011թ. Մարդահամարի, ծննդյան ակտերի գրանցման տվյալները, հետազոտություն-հարցման արդյունքները և այլն։ Միաժամանակ կատարվել են հնարավոր հետևանքների կանխատեսումներ: Արդյունքում հաստատվել է, որ 1990-ականներից Հայաստանում նկատված նորածինների շրջանում աղջիկ-տղա հարաբերակցության խախտումը վերջին տարիներին դարձել է ազգագրական ու ռազմավարական լուրջ հիմնախնդիր։
Նորածինների հարաբերակցությունը 2011թ. կազմել է 114 տղա՝ 100 աղջկա դիմաց, 2012-ին` 115 տղա-100 աղջիկ: Մինչդեռ բնականոն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց։ Ընդ որում, առաջին երեխայի դեպքում եթե շեղումներ չկան, ապա շեղումները սկսվում են երկրորդ և առավել մեծ են երրորդ երեխայի դեպքում` 2012թ. կազմելով 160 տղա` 100 աղջկա դիմաց, ինչն աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նման միտումի դեպքում մինչև 2060թ. յուրաքանչյուր տարի 2000 երեխա լույս աշխահ չի գա միայն այն պատճառով, որ ձևավորվել է որպես աղջիկ։
Ըստ աղբյուրի, ինչպես այլ երկրներում, մեզանում ևս սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները երեք հիմնական դրդապատճառ ունեն։ Հայ ընտանիքներում առկա է տղա երեխայի նախապատվությունը որպես օջախի «ծուխը ծխեցնող», ազգանվան շարունակող, ժառանգորդ և այլն։ Մյուս դրդապատճառը երկրում համապատասխան տեխնոլոգիաների հասանելիությունն է, ինչն ապագա ծնողներին թույլ է տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել աղջիկ երեխաներ ունենալուց: Եվ, վերջապես, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ինչը, բնականաբար, նվազեցնում է երկու սեռի երեխա ունենալու հավանականությունը։
Նախարար Արմեն Մուրադյանը հորդորել է խնդրի լուծումը դիտարկել նաև բարոյական, սոցիալական, օրենսդրական, հոգեբանական համատեքստում և ներկայացնել հիմնավորված առաջարկներ.
«Այստեղ խաչվում է մի կողմից ընտանիքի` ծնողների տեղեկացված լինելու, մյուս կողմից՝ դեռ չծնված երեխայի կյանքի իրավունքը։ Մենք պետք է, հաշվի առնելով Եվրոպայի փորձը, ինչպես նաև ականջալուր լինելով հասարակության կարծիքներին, մեզ համար ընդունելի լուծումներ գտնենք»-ասել է նա։
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանն էլ նշել է, թե եվվրոպական առանձին երկրներում արգելվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է և կարևորել իրազեկման, քարոզչական լայն աշխատանքը թե՛ բուժաշխատողների, թե՛ բնակչության շրջանում։
ԵՊԲՀ պրոֆեսոր Կարինե Թոխունցն առաջարկել է խնդրի լուծման նպատակով ոչ թե արգելել ծնողին երեխայի սեռի մասին հայտնելը, այլ հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցնել մինչև 10 շաբաթ, քանի որ ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության այդ ընթացքում երեխայի սեռը հնարավոր չէ որոշել։
Նրա առաջարկն ընդունելի համարվեց։ Կարևորվել են նաև ավելի մեծ ժամկետում հղիության արհեստական ընդհատումների դեպքում բժշկական ցուցումների հստակեցումը և հսկողության խստացումը, ինչպես նաև վիժում առաջացնող հաբերի վաճառքի կանոնակարգումը։
Որոշվել է առողջապահական և ժողովրդագրական խնդրի լուծման առավել արդյունավետ և նվազ վտանգավոր այս նոր մոտեցումը լրացուցիչ քննարկել ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուների, այնպես էլ այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա