Նորաստեղծ «Իսլամական խալիֆայություն»-ն ի զորու է ստեղծել խաղի նոր կանոններ. արաբագետ
«Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը հունիսի 29-ին հայտարարել է «Իսլամական խալիֆայություն» հիմնելու մասին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ այս նոր կառույցը բավականին հզոր է, ի զորու է ստեղծել խաղի նոր կանոններ, մարտահրավեր է նետում գոյություն ունեցող կարգերին: Ըստ փորձագետի, նորաստեղծ կառույցը կարող է գլխացավանք լինել էթնոդավանական փոքրամասնությունների համար:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ոչ պաշտոնական դիրքորոշմանն այս կառույցի նկատմամբ, արաբագետն ասաց. «Այս կառույցը նախորդ տարվա կեսերից է հայտնվել Թուրքիայի սահմանին, ոչինչ չէր անում այդ կառույցի դեմ: Բավականին լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար, քանի որ իսլամական ծայրահեղական կառույց է, բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը չի համընկնում իր շահերին: Սակայն սա մնացել է հայտարարությունների մակարդակով, ամբողջական գործողություններ չեն նկատվում: Սա վկայում է, որ որոշակի համագործակցություն կա: Եթե սահմանը նայում ենք, տեսնում ենք, որ այս տարածքներից է Թուրքիան կարողանում ապահովել սիրական ընդդիմադիր զանգվածի ֆինանսական, ռազմական օժանդակությունը»:
Նշենք, որ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԻՇԻՊ-ը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը, նրա փոխարեն ստեղծվել է «Իսլամական Պետություն» (Խալիֆայություն), որի կազմում ներառվում են բացառապես բոլոր մուսուլմանական պետություններն, այդ թվում՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը: