Կորոշվի բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը. ԱՆ
Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն են ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։ Ներկայացնելով այն` աշխատանքային խումբը նշել է, որ մոդելը մշակելիս հաշվի են առնվել միջազգային փորձը և Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները։ Կազմակերպությունների ռիսկայնությունը որոշելու համար նախատեսվել է կիրառել նաև առողջապահական համակարգի տարբեր կառույցներում հավաքագրվող տեղեկատվությունը, հայտնում են ԱՆ լրատվության բաժնից:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է առանձնացնել երեք կարևոր ուղղություններ` բժշկական ծառայության որակի, ֆինանսատնտեսգիտական ցուցանիշների և սպասարկման որակի կամ հիվանդի գոհունակության գնահատում։
«Մեր հիմնական նպատակն է նաև այս ճանապարհով նպաստել բժշկական ծառայության բարձր որակի ապահովմանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Պետք է լինեն համակարգված, պարզ ու հստակ մոտեցումներ ու հարցադրումներ, որոնք կներառեն առողջապահական հիմնարկի շենքային պայմաններից ու նյութատեխնիկական հագեցվածությունից մինչև ապացուցողական բժշկության հիման վրա մշակված չափորոշիչների կիրառմանը»,-ասել է նախարարը։
Առաջարկներ են ներկայացվել նաև ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների և սպասարկման որակի հսկման մեխանիզմների վերաբերյալ: Քննարկման արդյունքում որոշվել է առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանության հետագա մշակման գործում ընդգրկել Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա