Բերբերյան. Հայաստանից կարտոֆիլի արտահանմանը փորձում է խոչընդոտել հարևան երկիրը
Հայաստանի հարևան պետություններից մեկը փորձում է Հայաստանից կարտոֆիլ արտահանող եվրոպական ընկերություններին իր կողմը քաշել՝ դրա դիմաց առաջարկելով կես մլն դոլար: Panorama.am-ին Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ այդ մասին իմացել է հենց եվրոպական ընկերություններից: Վերջիններս հավաստիացրել են, որ այդ առաջարկն արհամարհել են:
«Անունը դրել են իբր սերմնաբուծության ոլորտում համատեղ ծրագիր են ուզում իրականացնել, ծիծաղելին այն է, որ այդ երկիրը սերմնաբուծության համար պայմաններ չունի»,-ասաց Բերբերյանը:
Նա այս պահին ձեռնպահ մնաց այդ երկրի անունը հրապարակելուց, սակայն խոստացավ դա անել առաջիկա ասուլիսի ժամանակ: Չնայած դժվար չէ գուշակել, որ խոսքը Հայաստանի թշնամի երկրի մասին է:
«Տեսել են վերջին երկու տարվա մեր հաջողությունները, սա էլ երևի թե պատերազմելու տեղ է, փորձում են հարվածել մեր տնտեսությանը»,-ասաց Միության նախագահը, միաժամանակ նկատելով, որ սա լուրջ խնդիր է գյուղատնտեսության ցանկացած ճյուղի համար:
Բերբերյանը նկատում է, որ հայկական կարտոֆիլը որակական ու համային հատկություններով շատ բարձր է՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով:
«Հատկապես առողջ ու համով կարտոֆիլ է աճեցվում Գեղարքունիքի բարձրադիր վայրերում»,-ասաց Բերբերյանը:
Նրա հաշվարկներով, նախորդ տարվա համեմատ Արարատյան դաշտավայրում ավելացել է կարտոֆիլի ցանքատարածությունների մակերեսը, ինչի հիման վրա կարելի է ասել, կունենանք կայուն բերք՝ խթանելով արտահանումը:
«Այսօր մենք ման ենք գալիս մի ընկերություն, որը արտադրողին հնարավորություն կտա արտահանել կարտոֆիլ, բայց փաստացի արտահանող տրանսպորտային ընկերությունները դա խառնել են կարտոֆիլ առնել-վաճառելու հետ, որը անընդունելի է: Մտնում է այն դաշտը, որը գյուղացունն է, և փորձում են գերշահույթներ ստանալ»,-նշեց Բերբերյանը, ավելացնելով, որ այստեղ պետք է կառավարության միջամտությունը:
Panorama.am-ի զրուցակցի տվյալներով, այս տարի Հայաստանը կունենա կարտոֆիլի առատ բերք՝ 50 հազար տոննա արտահանման հնարավորությամբ:
«Այս պահին կարկտահարությունն է մեզ անհանգստացնում: Ասել եմ, կասեմ, որ այդ հակարկտային կայանների ծառայությունն իրեն չի արդարացրել, չի արդարացնում, չի էլ արդարացնելու: Ինչքան կարելի է բյուջեից գումարներ ծախսել, կամակորությունը պետք է չափ ու սահման ունենա»,-ասաց Հ. Բերբերյանը: