Ես էլ ոգևորված չեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից. Երվանդ Զախարյան
«Սակագնի թանկացումով զբաղվելը հաճելի գործ չէ, և եթե մեղմ արտահայտվեմ, ապա ես էլ ոգևորված չեմ սակագների բարձրացումից, սակայն կան հարցեր, որոնք պետք է լուծումներ գտնեն»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` կապված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ, որքանով էր հիմնավորված:
Նրա խոսքերով` Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները, որոնք կատարվել են ընդհանուր էներգետիկայի համակարգի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիմնավորումներից հետո, համարում է հիմնավոր և նպատակային:
«Ուղղակի սակագների թանկացումն այսօր անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորած երկրի էներգետիկայի անվտանգությունը և ամբողջ էներգոհամակարգի հետագա կայուն աշխատանքը»,- ասաց Ե.Զախարյանը:
Ըստ նախարարի` սակագնի բարձրացումով բոլորն էլ մտահոգ են: Դրանով է պայմանավորված նաև ՀՀ նախագահի առաջարկությունը վարչապետին, որպեսզի գտնեն տարբերակներ` մեղմելու սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով ընտանիքների համար: Վարչապետի կողմից, ըստ Ե.Զախարյանի, համապատասխան նախարարություններին արդեն տրվել է հանձնարարություն` մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին որոշում: Նախարարը նշեց, որ որոշման նախագիծը, հավանաբար, կքննարկվի ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի բնակիչները մարեն մասնավոր ընկերության կողմից կուտակած պարտքերը, Ե.Զախարյանն ասաց, որ պարտքերը գոյացել են մի շարք աշխատանքների պատճառով: Մասնավորապես, դրանք առաջացել են ներդրումների, որոշ ծախսերի, կապիտալ վերանորոգման աշխատանքերի արդյունքում:
«Այդ պարտքերը, որոնք այսօր կան, իրականացվել են Երևանի ՋԷԿ-ի կապիտալ վերանորոգման համար, որի համար ծախսվել է մոտ 9,5 մլրդ դրամ: Դա տեխնոլոգիապես հիմնավորված հերթական պլանային վերանորոգում է, որի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հուլիսի 29-ին»,- նշեց նա:
Նրա խոսքերով` մեզ պետք է էժան էլեկտրաէներգիա, իսկ Երևան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի գները բավականին նպաստավոր են:
Նախորդող`
Հանձնաժողովն ընդունեց որոշումը. Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան