Թուրք գործիչների արձագանքը Էրդողանի թեկնածությանը. Բարի գիշեր Թուրքիա, խավարի մեջ մնա
Այն բանից հետո, երբ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը պաշտոնապես հայտարարեց, որ օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում իշխանությունների առաջադրած թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, Twitter սոցցանցում հայտնվեցին դժգոհ ու դատապարտող գրառումներով արձագանքներ:
Լուսանկարում` ժողովուրդ, զինվոր, ոստիկան, Էրդողան:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը ներկայացնում է Թուրքիայի հանրային դեմքերի` Էրդողանի թեկնածությանն առնչվող թվիթերյան գրառումները:
Գոնջա Վուսթալերի
«Այսպես գնալով շատ լավ հետընթաց ենք ունենալու»:
Սեկամի Ինջե
«Բարի գիշեր Թուրքիա, խավարի մեջ մնա»:
Ֆերդան Էրգութ
«Հապա մի նայեք Էրդողանի թեկնածության առաջադրման արարողությանը. հարուստները հրապարակում են իրենց թեկնածուին»:
Լևենթ Քազաք
«Քիչ մնաց, շուտով մոտիկից ծանոթանալու ենք «դեմոկրատական սուլթանության» հետ»:
Օրհան Այդըն
«Հայտարարեցին… շոուն սկսվեց, հետադիմական հրոսակները երկիրը ոտից-գլուխ զավթելու հարցում վճռական են»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ հանրաքվեի միջոցով անցկացվելու են նախագահական ընտրություններ:
Ժողովուրդը ընտրելու է Թուրքիայի 12-րդ նախագահին: Այժմ հայտնի է, որ ընտրություններում Էրդողանի մրցակիցներն են ընդդիմադիր ուժերի` «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: