Թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլու. Հայաստանի նախագահի հրավերը լավ կանչ է
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն իսկապես արդարացի է և լավ կանչ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է` «պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Թուրք մտավորականի խոսքով, 1965 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, հասել են նրան, որ 99 տարի անց Թուրքիայի կողմից ցավակցական մի խոսք հնչեց. «Սա, իհարկե, Թուրքիայի ամոթն է, բայց վերջիվերջո մի բան կատարվեց»:
Խոսքը վերաբերում է այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, որտեղ Թուրքիայի անունից ցավակցություններ էր հայտնել հայերի թոռներին, ովքեր մահացել էին «20-րդ դարասկզբին»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարություններին, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած այդ միջադեպերը ընդհանուր ցավ է, տուժել են երկու ժողովուրդներն էլ, Դավութօղուն խնդիրը կշեռքի նույն նժարների վրա է դնում, Ռագըփ Զարաքոլուն ասաց. «Դավութօղուի կշեռքը սխալ է կշռում: Նայենք, թե 1915 թվականի Ցեղասպանությունից մինչ օրս ինչ ունենք մեր ձեռքում՝ Արևմտյան Հայաստանի երկու միլիոն հայ այլևս այդ տարածքում չի ապրում: Եթե ցեղասպանություն չկատարվեր, մոտ ութից-տասը միլիոն բնակչություն կունենար Արևմտյան Հայաստանը: Ցեղասպանություն չի նշանակում միայն ապրողներից զրկել տվյալ տարածքը, այլ նաև ապագա սերունդներին, մշակույթը, արվեստը, տնտեսության ու քաղաքացներին վերացնելն է: Այս դեպքում այս կշեռքի մեջ շատ մեծ անհավասարություն կա»:
Թուրք մտավորականը հույս չունի, որ 2015 թվականին որևէ բան կփոխվի Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հարցում. «Ցեղասպանության մերժողականությունը Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրն է: 2001 թվականից սկսած Թուրքիան երիտասարդ սերունդներին թույն է տալիս: Պետական աջակցությամբ բազմաթիվ գրքեր, աշխատություններ են լույս տեսել: Սրանով հանդերձ Թուրքիայում որոշակի փոփոխություններ կան, որովհետև մարդիկ այլևս հոգնել են պաշտոնական պատմագրությունից և դրա ստերից: Եթե մարդը ռադիկալ ազգայնամոլ չէ, անգամ մերժողական գրքերն իր մեջ հետաքրքրություն են առաջացնում, թե արդյոք ինչ է կատարվել իրականում, ուզում են տեսնել, իմանալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան