Վերանորոգվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի «Սպիտակ», «Ստեփանավան» ու «Թումանյան» մասնաճյուղերը
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Սպիտակ» (ք. Սպիտակ, Քաղաքային հրապարակ, Ուղիղ կամար 1), “Ստեփանավան” (ք. Ստեփանավան, Գ.Նժդեհի 9) և «Թումանյան» (ք. Ալավերդի, Ջրավազանի 2/5) մասնաճյուղերի բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. Գուսևն ասել է. «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք մեր հաճախորդների հարմարավետությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից օգտվելիս: Այդ նպատակով մենք ոչ միայն ապահովում ենք մեր ներկայությունը Հայաստանի բոլոր շրջաններում, այլև ձգտում ենք ստեղծել հարմարավետ պայմաններ մեր մասնաճյուղերում: Շրջանների վերանորոգված մասնաճյուղերում ինչպես և մայրաքաղաքի մասնաճյուղերում տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ»:
Մասնաճյուղերի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, քաղաքապետարանի ու մարզպետարանների լիազոր ներկայացուցիչները, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, բիզնես շրջանակների, կրթության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: