«Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա վերցրել է միայն վերանորորգումների ժամանակ». նախարար
«Թյուրիմացություն է, երբ ասում են, որ ﬔնք Վրաստանից էլեկտրաէներգիա ենք գնում: Սկսած 2009 թվականից` Հայաստանն Իրանից գազ է ստանում և փոխարենը մատակարարում է էլեկտրաէներգիա: Այս տարիների ընթացքում 2 մլրդ խմ գազ է ստացվել և փոխարենը Իրանին մատակարարվել է 6 մլրդ կՎտ ժամ էկետրաէներգիա»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Հայաստանը էլեկտրաէներգիա է գնել Վրաստանից:
Նրա խոսքերով` այս ընթացքում եղել են վերանորոգման աշխատանքներ կամ վթարներ, և որպեսզի ստացած գազի դիմաց կարողանային ամբողջովին ապահովել մատակարարվող էլեկտրաէներգիան, 2009թ-ից սկսած որոշակի քանակի էլեկտրաէներգիա Վրաստանից վերցրել են, ինչը ծրագրային բնույթ չի կրում, այլ յուրաքանչյուր դեպքի համար տարվում են առանձին բանակցություններ: Այսինքն` առանձին բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն էլեկտրաէներգիան արտահանել Իրան` լրացնելու այն բացը, որն առաջացել է վթարների վերանորոգուﬓերի ժամանակ:
Ըստ նրա` 2009թ-ից մինչ օրս տարեկան վերցրել են ընդամենը 50-60 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:
«Ինչ առևտուրի կամ էլեկտրաէներգիայի գնման մասին կարող է խոսք լինել: Դրանք բոլորը շահարկումներ են և իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նախարարը:
Ե.Զախարյանը նշեց նաև, որ եթե Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխարեն փորձեին արտահանել Հրազդան ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան, ապա տնտեսական կորուստներն ավելի ﬔծ կլինեին, քանի որ այդ էլեկտրաէներգիան թանկ է: