ՀԴՄ-ների ներդրման համար սահմանված ժամկետը երկարաձգվեց
ՀՀ կառավարությունը իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ սահմանեց, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Այսպիսով, հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով:
Կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողներին ներկայացնելով նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների մասին կառավարության նոր որոշումը` նշեց, որ այս տարվա հուլիսի 1-ից դրանց տեղադրումը բոլոր ոլորտներում պարտադիր էր, բայց հաշվի առնելով ՓՄՁ-ների զարգացման, խթանման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշում է կայացրել ՓՄՁ-ների համար ժամկետային և ֆինանսական առումով արտոնություններ տրամադրել:
Այսպիսով, 30 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցողները ՀԴՄ-ները պետք է տեղադրեն օգոստոսի 1-ին: Նրանց համար ՀԴՄ-ների արժեքը կկազմի 150 հազար դրամ: Երկրորդ խումբ հարկ վճարողները` 10-30 մլն-ից ավելի շրջանառություն ունեցողները, պետք է ՀԴՄ-ները ներդնեն մինչև հոկտեմբերի 1-ը, մեկ մեքենայի գինը սահմանվում է 120 հազար դրամ: Մինչև 10 մլն շրջանառություն ունեցողները ՀԴՄ պետք է ներդնեն մինչև 2015թ-ի հունվարի 1-ը. նրանց համար ՀԴՄ-ի գինը սահմանվում է 80 հազար դրամ:
Ա.Ալավերդյանի խոսքերով` 150 հազար դրամը նույնիսկ չի փակում նոր սերնդի ՀԴՄ-ի ինքնարժեքը, քանի որ ներկրելու դեպքում սահմանին վճարվում է ԱԱՀ` 20 տոկոսի չափով: Ըստ նրա` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար 35 հազար դրամ տրամադրում է իր միջոցների հաշվին: Նա նշեց, որ ՀԴՄ-ների ինքնարժեքը կազմում է 385 դոլարին համարժեք դրամ, դրան գումարելով 20 տոկոս ԱԱՀ-ը` կկազմի 462 դոլար: ՀԴՄ-ները ինքնարժեքից ցածր վաճառելու արդյունքում պետբյուջեի բեռը կկազմի 4,5 մլրդ դրամ:
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը սկսվել է 2013 թ-ից։ Առաջին հերթին դրանք տեղադրվել են խոշոր տնտեսվարողների մոտ, որոնք մեկ ՀԴՄ-ի համար վճարել են 370,000 դրամ, հետագայում ՀԴՄ-ները տեղադրվեցին նաև ԱԱՀ վճարողների մոտ՝ 280,000 դրամով:
«Այսօրվա դրությամբ տնտեսվարողների մոտ տեղադրված է 8000 նոր սերնդի ՀԴՄ, որոնք թույլ են տալիս օրական կտրվածքով ֆիքսել տնտեսվարողների շրջանառությունը»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարը նշեց նաև, որ այսօր երկրում 80.000 հարկ վճարողներից 60 000-ը կիրառում է ՀԴՄ:
Հարցին, թե ինչո՞ւ է թայվանական ընկերության արտադրած ՀԴՄ-ները ներմուծվում Հայաստան, Ա.Ալավերդյանը նշեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամանակ տեղական արտադրողներին առաջարկել են, որ նրանք արտադրեն այդ ՀԴՄ-ները, սակայն որևէ մեկն այդ առաջարկին դրական պատասխան չի տվել:
«Շատ լավ կլինի, որ Հայաստանում հայտնվի մեկ արտադրող, ով ստանձնի պարտավորություն, որ կարող է նման ֆունկցիաներով ՀԴՄ-ներ արտադրել»,- ասաց նա: Նշվեց նաև, որ այս պահին ՊՈԱԿ-ում առկա է հինգ հազար ՀԴՄ, շուտով կներկրվեն ևս 15 հազար:
Արմեն Ալավերդյանը նշեց նաև, որ այսօր տնտեսության մեջ ստվերը գնահատվում է 30-35%, տարբեր ոլորտներում այդ տոկոսները տարբեր են, սակայն ՀԴՄ-ների ներդրման գործընթացի միջոցով երկրում կլինի փաստաթղթաշրջանառություն, ինչը հնարավորություն կտա կրճատել ստվերը: