Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի ծախսերը մեղմելու համար նպաստները բարձրացրեցին 1000 դրամով
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով` անապահով ընտանիքներին տրամադրվող ընտանեկան նպաստի չափն ավելացավ 1000 դրամով: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի ավելացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնում է լրացուցիչ դժվարություններ, ուստի վարչապետի հանձնարարականով առաջնահերթ կարգով սոցիալապես անապահով և ընտանեկան նպաստ ստացող 105 հազար ընտանիքիներին աջակցություն է ցուցաբերվում:
Ըստ նրա` համաձայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է շուրջ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ): 2014 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացումը կազմում է 3.85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` շուրջ 800 դրամ: Սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների համար խնդիր է ամսական լրացուցիչ 800 դրամի ծախսը: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, սղաճը և այլ ցուցանիշներ, կանխատեսվում է տնային տնտեսությունների սպառման կառուցվածքի փոփոխություն՝ դեպի խնայողական ռեժիմ, առավելապես օգտագործվող կոմունալ ծառայությունների ծավալների կրճատում, այդ թվում` էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատում:
Այսպիսով` նախագծով առաջարկվում է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող` կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին` բարձրացնելով ընտանեկան նպաստի բազային մասը` 1000 դրամով, սոցիալական նպաստը` 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը` 1000 դրամով:
«Սա նշանակում է, որ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով` 29350 դրամից դառնալով 30350 դրամ»,- ասաց Ա.Ասատրյանը:
Նշվեց նաև, որ 2014թ. վերջին 5 ամիսների համար (օգոստոս-դեկտեմբեր) նշված չափով նպաստի վճարումների համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 524 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները