Թուրքագետ. Հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի ընտրությունը որևէ փոփոխություն չի բերի
Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում վարչապետ Էրդողանն առաջին իսկ փուլի արդյունքներով կընտրվի նախագահ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Թուրքագետը նշեց, որ Էրդողանի ընտրազանգվածին չի հետաքրքրում մարդու իրավունքները, դեմոկրատիան, նրանց հետաքրքրում է գլխաշորով գլուխը ծածկելն ու աշխատանքի գնալը, խորհրդարան մտնելը կամ աղջիկներին դպրոց, համալսարան ուղարկելը, հետաքրքրում է Ղուրանի կուրս բացելը, դպրոցներում բացի կրոնի դասավանդումից Մուհամեդ մարգարեի կյանքն ու գործունեությունը կրթական ծրագրերում ընդգրկելը. «Էրդողանը գիտի իր ընտրազանգվածի պահանջները, ըստ այդմ էլ գործում է»:
Ըստ նրա, Էրդողանը կլինի չարյաց փոքրագույնը երկրի կայնության համար:
«Էրդողանը լինելու է ուժեղ նախագահ: Հավանաբար, կնշանակի թույլ վարչապետ»,- կարծում է Հ. Չաքրյանը:
Նա նաև նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում էլ Էրդողանի ընտրությունը որևէ փոփոխություն չի բերի. «Թուրքիան այս հարցում վարում է պետական քաղաքականություն, որը չի փոխվում նույնիսկ կառավարության, իշխանության փոփոխության դեպքում»:
Նա նաև հավելեց, որ ներկա պահին Թուրքիայի համար առաջնահերթությունը Հայաստանի հետ հարաբերությունները չեն, այլ Իրաքում, Սիրիայում տեղի են ունենում արյունահեղություններ, համաքրդական պետության ձևավորման նախադրյալներ են ստեղծվում:
Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ժողովուրդն է ընտրելու նախագահ, իսկ մինչ այս ընտրել է խորհրդարանը: Նշենք, որ թուրք ժողովուրդն ընտրելու է Թուրքիայի 12-րդ նախագահին: Այժմ հայտնի է, որ ընտրություններում վարչապետ Էրդողանի մրցակիցներն են ընդդիմադիր ուժերի` «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: